Ավելի լավ է գնա դատվի, քան վերադառնա Կապանի զորամասը. ինչ վիճակով է Վլեն գնացել տուն. մանրամասներ
Ինչպես հայտնել էինք երեկ, Կապանի զորամասից փախուստի դիմած եզդի զինծառայող Վլե Ֆերոյանը երեկ կապ էր հաստատել տուն՝ իսկ այսօր արդեն տանն է:
Դեպքի վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com -ը զրուցեց նորակոչիկի տատի՝ Ռոզա Ֆերոյանի հետ, որն ասաց, տղան հոգեբանական շատ վատ վիճակում է.
«Թոռնիկս տուն է վերադարձել երեկ, տաքսիով եկել է, ես էլ դիմավորել եմ: Շատ վատ հոգեվիճակում էր, հագուստը հին ու պատռված էր, ես չեմ հասկանում այդքան գումարը որտեղ է գնում, որ նորակոչիկին տալիս են հին և պատռված զինվորական համազգեստ»,- բարկացած նշեց Ռոզա Ֆերոյանը:
Հետաքրքրվեցինք, թե արդյոք Վլեի մարմնին առկա են բռնության հետքեր, նա պատասխանեց. «Կապտուկներ չկան, նման բան չեմ կարող ասել, բայց կրծքավանդակը, ձեռքերը, ոտքերը ցավում են ահավոր»,- ընդգծեց նորակոչիկի տատը:
Վերջինս նշեց, որ այս պահին Վլեն դեռ տանն է, իր հետևից որևէ մեկ տուն չի գնացել. «Այսօր ես անպայման թոռանս կտանեմ, կհանձնեմ ռազմական ոստիկանություն, բայց պայմանով՝ որ այդ զորամասում նա չի ծառայելու: Ավելի լավ ա գնա դատվի, քան վերադառնա էդ զորամաս»,- ասաց Ռոզա Ֆերոյանը՝ հավելելով, որ ողջ եզդիական համայնքը, փաստաբանները ոտքի են կանգնել՝ Վլեին այլ զորամաս տեղափոխելու համար:
Հիշեցնենք, որ արդեն քանի օր է, ինչ համացանցում ակտիվ շրջանառվում է Կապանի զորամասերից մեկում տեղի ունեցած սկանդալային դեպքը: Ըստ որի՝ եզդի նորակոչիկին ստիպել են մաքրել զուգարանը, դաժան ծեծի ենթարկել և զրկել հացից, և նա, գտնվելով այդ ճնշումների տակ, փախուստի էր դիմել զորամասից:
Զվարթ Պետրոսյան