«Բրյուսելում Փաշինյանը միայն լսողի և կատարողի դեր ուներ, նրան կարողացել էին ճնշել»
ՔաղաքականԲրյուսելում կայացած բանակցություններում Նիկոլ Փաշինյանը միայն լսողի և կատարողի դեր ուներ: Տեսնելով նրա երեկվա կեցվածքը՝ պարզ է դառնում, որ Փաշինյանին կարողացել են և՛ ճնշել, և՛ հասնել որոշակի հաջողությունների. այսօր ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցներում ցնծություն է ուղղակի: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Նա նշեց, որ այդ հանդիպումից առաջ արցախցիների մոտ վախ և խուճապ կար, թե Նիկոլ Փաշինյանը գնում է Արցախը հանձնելու:
Պատգամավորը համոզված է, որ այս ամենի սկիզբը դրվել էր Դուշանբեում 2018 թվականին՝ վերելակային բանակցության ժամանակ, և որ այդ ժամանակ են այն բոլոր պայմանավորվածությունները ձեռք բերվել, որոնք առայսօր կատարվում են.
«Եթե 2-3 տարի առաջ մենք փաստում էինք, որ հնարավոր չի լինում կանխորոշել վարչապետի քայլերը, հիմա ինքը շատ կանխատեսելի է դարձել: Այս փուլում կանխատեսելի էր այն, ինչ ինքն արեց, բնականաբար, մենք որևէ լավ քայլի չէինք սպասում, չէինք սպասում նաև առավել վատ բանի, պատրաստ էինք այն ամենին, ինչ Փաշինյանն արեց բանակցություններին»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը:
Վերջինս կարծում է՝ շատ լավ ժամանակ էր Արցախի Հանրապետությանը կարգավիճակ տալու հարցը բարձրացնելու համար, ինչը ՀՀ վարչապետը չարեց. «Այդ հարցը պետք է բարձրացվեր հիմա, քանի որ թշնամին, եռակողմ հայտարարության բոլոր կետերը խախտելով, որևէ կերպ չի դադարել այսօր պատերազմել: Կառավարության նիստի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գնում է խաղաղության օրակարգը քննարկելու, արդեն հասկանալի էր, որ այդ խաղաղության օրակարգում չէր կարող բարձրաձայնվել Արցախի Հանրապետության կարգավիճակը»,- ասաց նա՝ մեջբերելով մեկ բաց կետ ևս:
Մետաքսե Հակոբյանը հայկական կողմից բանակցությունների թերացում համարեց նաև այն, որ որևէ խոսք չեղավ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, ինչը նվազեցնում է Արցախին կարգավիճակ տրվելու հնարավորությունը.
«Ալիևը երկար ժամանակ ասում էր՝ չկա ԵԱՀԿ Մինսկի նման ձևաչափ, Փաշինյան այդ հանդիպման ընթացքում իր կեցվածքով ևս հասավ դրան: Մենք այդ կայացած ձևաչափով կկարողանայինք հասնել Արցախի կարգավիճակի ընդունմանը, սակայն երկուսով ուղղակի ի չիք արեցին այն, սակայն հույս ունենք, որ նորից ԵԱՀԿ Մինսկի խումբը կակտիվանա»,- նշեց նա:
Ըստ պատգամավորի՝ եվրոպական կողմը Հայաստանին և Արցախին օգտագործում է որպես զենք՝ Ռուսաստանին թուլացնելու համար, ինչն անընդունելի է.
«Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են եվրոպական ակտիվացման կողմ գնալ: Փաշինյանը այդ քայլով ևս վտանգում է Արցախը: Դա, իհարկե, կնպաստի Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը, ինչը մեծ վտանգ կարող է հանդիսանալ Արցախի համար»,- ասաց մեր զրուցակիցը:
Մետաքսե Հակոբյանը չի ընդունում թշնամական իրավիճակում հայկական կողմի այն հայտարարությունը, որում ասվում է՝ առանց նախապայմանների պատրաստ է խաղաղության օրակարգի մեջ մտնել. «Սա հանրությանը հանգստացնելու համար է արվում, որովհետև նույն բանը եղել է նաև 1915 թվականին, երբ բարեկամության շղարշի ներքո ուղղակի 1.5 մլն հայ սպանվեց, իսկ ով էլ ողջ մնաց, դարձավ հայրենազուրկ: Հիմա ադրբեջանցիները կիրառում են նույն սցենարը իրենց թուրք եղբայրների հետ: Եվ նման իրավիճակում արագ գնալ սահմանազատման և սահմանագծման միանշանակ կբխի միայն Ադրբեջանի շահերից, քանի որ նրանք այս պահին ուժեղ են բոլոր առումներով»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ արդեն իսկ պարտված իշխանությունը չի կարող իր ազգի համար հաղթող դիվանագիտություն վարել:
Հիշեցնենք, որ Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել սահմանների դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով:
Հավելենք նաև, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները բխում են Բաքվի շահերից:
Զվարթ Պետրոսյան