Ինչ էր զգուշացրել Լուկաշենկոն Պրիգոժինին․ Բելառուսի նախագահը բացառիկ մանրամասներ է բացահայտել
ԱշխարհԵվգենի Պրիգոժինը, որը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիրն էր, երբեք չի խնդրել Մինսկին իրեն անվտանգության երաշխիքներ տրամադրել։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ում խոսքերը մեջբերում է ԲԵԼՏԱ-ն։
«Եթե այս հարցին ուղղակիորեն պատասխանեմ՝ ես պարտավոր չէի ապահովել Պրիգոժինի անվտանգությունը: Սա՝ առաջին: Երկրորդ՝ երբեք նման թեմայով խոսակցություն չի եղել»,– ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը նաև խոսել է երկու դեպքի մասին, երբ զգուշացրել է Պրիգոժինին ռիսկի չդիմել։ Առաջինը՝ ապստամբության ժամանակ։
«Ես նրան ասացի. «Ժեն, հասկանու՞մ ես, որ մարդկանց կկործանես ու դու ինքդ էլ կմեռնես»: – «Ջհանդամ, մեռնեմ»։ Ես նրան ասացի. «Ժեն, ես քեզ մի պարան և մի կտոր օճառ կուղարկեմ» - «Ոչ, ոչ, ոչ: Ես դա չեմ ուզում։ Ես հերոս կմեռնեմ»։ Դա առաջին խոսակցությունն էր»,– պատմել է Լուկաշենկոն:
Եվ երկրորդը, երբ Պրիգոժինը Ուտկինի հետ եկել է Լուկաշենկոյի մոտ, և Բելառուսի առաջնորդը նրանց ասել է՝ «Տղե՛րք, նայե՛ք»՝ զգուշացնելով, որ պետք չէ արկածախնդրության դիմել:
Լուկաշենկոյի խոսքով՝ Պրիգոժինի ինքնաթիռի հետ տեղի ունեցածի հետեւում չի կարող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լինել։ Նա նշել է, որ ՌԴ նախագահը «խոհեմ, շատ հանգիստ և նույնիսկ դանդաղ մարդ է», նույնիսկ այն դեպքում, երբ խոսքը գնում է «ոչ այնքան բարդ հարցերի շուրջ» որոշումներ կայացնելու մասին։ «Ուստի չեմ կարող պատկերացնել, որ Պուտինն է դա արել, որ Պուտինն է մեղավոր։ Չափազանց կոպիտ, ոչ պրոֆեսիոնալ աշխատանք»,- ասել է Լուկաշենկոն։