Ավստրալիան Էբոլայի պատճառով դադարեցրել է այցագրերի հանձնումն աֆրիկյան երկրների քաղաքացիներին
Աշխարհ
Ավստրալիայի իշխանությունները դադարեցրել են Արևմտյան Աֆրիկայի այն երկրների քաղաքացիների համար այցագրերի ձևակերպման գործընթացը, որտեղ նկատվել է Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության համաճարակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AAP գործակալությանը, այս միջոցը ձեռնարկվել է, որպեսզի պետության տարածքում մահաբեր վիրուսի տարածում թույլ չտրվի:
«Ձեռնարկված միջոցները ներառում են վիրուսով ընդգրկված երկրների քաղաքացիների համար ներգաղթային ծրագրի ժամանակավոր դադարեցում»,- մեջբերում է գործակալությունը ներգաղթի և սահմանների պահպանության նախարար Սքոթ Մորիսոնի խոսքը:
Նա նաև հավելել է, որ Ավստրալիայում գործում է խիստ վերահսկողություն այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր ժամանում են Սիեռա Լեոնեից, Լիբերիայից և Գվինեայից:
Երկրի առողջապահության նախարար Փիտեր Դաթոնն, իր հերթին, հայտարարել է, որ «Ավստրալիա Էբոլա վիրուսի ներթափանցման դեպքում ոչ մի դեպքում չի լինի դրա այնպիսի տարածում, ինչպիսին դիտվում է Արևմտյան Աֆրիկայում»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Արևմտյան Աֆրիկայի երկրներում Էբոլա վիրուսի հարուցած հիվանդոոթյան զոհերի թիվն արդեն գերազանցել է 4,9 հազարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը