Ադրբեջանը նենգափոխում է հունվարյան իրադարձությունների էությունը
Ադրբեջան
Այսօր հունվարի 20-նն է. օր, երբ դրանից մեկ շաբաթ առաջ' 1990 թվականի հունվարի 13-ին, 1988 թվականի սումգայիթյան փետրվարյան հայկական սպանդից հետո Ադրբեջանի մայրաքաղաքի 300-հազարանոց հայ համայնքից մնացել էին 35 հազարից պակաս հայեր, Բաքվում սկսվեց հայ բնակչության զանգվածային կոտորածը. հարյուրավոր մարդիկ սպանվեցին և հաշմանդամ դարձան: Ադրբեջանում ոչ միայն ընդունված չէ, այլ արգելված է խոսել 1990 թվականի հունվարի 19-ի երեկոյան Բաքու զորք մտցնելու պատճառների մասին: Այս մասին գրում է «Արմենպրեսը»:
Բաքու զորք մտցնելու շնորհիվ հաջողվեց դադարեցնել ոչ միայն հայերի, այլև քաղաքի ողջ քրիստոնյա բնակչության կոտորածը: Ալիևյան կլանի Ադրբեջանն այդ իրադարձություններից 26 տարի անց դեռ հարգում է «շեհիդների ծառուղում» թաղված խռովարար մարդասպանների հիշատակը: Ալիևյան կլանի պետական քարոզչամեքենան այս օրվա հետ կապված, այսպես կոչված, «հունվարի 20-ի ողբերգության» միֆ է ստեղծել' լկտիաբար պնդելով, որ զորք մտցնելու հետևանքով զոհվել են Ադրբեջանի «անկախության և ազատության» մարտիկները:
Ադրբեջանի մայրաքաղաքում մի քանի օր տևած ջարդերի ընթացքում գազանաբար սպանվեցին հարյուրավոր հայեր: Ադրբեջանցի ազգայնականները սպանում էին ոչ միայն հայերին, այլ նաև լեզգիներին, օսերին, վրացիներին: Բացի այդ, բռնության ալիք բարձրացավ նաև քաղաքի ռուս բնակչության դեմ:
1990 թվականի հունվարի 20-ի գիշերը, մեկ շաբաթ տևած ջարդերից հետո, Բաքու խորհրդային զորքեր մտցվեցին: Ադրբեջանցի գրոհայինները կրակում էին զորքերի վրա, ինչի արդյունքում սպանվեցին 28 խորհրդային զինծառայողներ, ևս 100 խորհրդային զինծառայողներ վիրավորվեցին: Ադրբեջանի պաշտոնական տվյալների համաձայն, «հունվարի 20-ի իրադարձությունների» ընթացքում զոհվեցին 131 քաղաքացիական անձինք: Սակայն, խորհրդային հատուկ նշանակության ջոկատներն անգամ ջրհոր հայտնաբերեցին, որը լի էր ռուս և հայ քաղաքացիների դիերով:
Հայերի ինքնապաշտպանության, ինչպես նաև զորքեր մտցվելու ժամանակ սպանված ադրբեջանցի ջարդարարներին և գրոհայիններին Ադրբեջանի ղեկավարությունը «շեհիդներ» (նահատակ) հայտարարեց: Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ Ադրբեջանի ժողովրդական ճակատի մարտիկները ևս, որոնց գլխավորությամբ իրագործվում էին այդ ջարդերը, անցնում էին «քաղաքացիական անձինք» կատեգորիայով, և ոչ ոք նրանց մարտիկներ պաշտոնապես չէր անվանում ու չի անվանում մինչ այսօր:
Բաքվում հայերին սպանում և կենդանի հրկիզում էին մոլեգնած ամբոխի ծափահարությունների ներքո, երեխաներին, կանանց և ծերերին դուրս էին նետում բարձր հարկերից, զավթում նրանց բնակարաններն ու ունեցվածքը: Ադրբեջանի տնտեսության և մշակութային կյանքում մեծ դեր ունեցող Բաքվի 300-հազարանոց հայ համայնքը դադարեցրեց գոյությունը: Կորցնելով ամեն ինչ՝ ջարդերից մազապուրծ փրկվածները դարձան փախստականներ: Ադրբեջանի ամբողջ տարածքում սկսված հայկական ջարդերի պատճառով փախստական դարձան 500 հազար հայեր: Բացի հայերից, ադրբեջանցի ջարդարարների զոհ դարձան նաև Բաքվում բնակվող ռուսներ, ուկրաինացիներ, հրեաներ, ինչպես նաև այն ադրբեջանցիները, որոնք խիզախություն ունեցան փրկելու առանձին հայերի:
Մարդկության դեմ ադրբեջանցիների կատարած այս սահմռկեցուցիչ հանցագործությունները մնում են չդատապարտված: Այդ ոճրագործությունները չդատապարտեցին ոչ միայն ադրբեջանական ԽՍՀ և ԽՍՀՄ ղեկավարությունը, այլև Ադրբեջանի Հանրապետության հետագա ղեկավարությունները հրաժարվեցին հունվարյան իրադարձությունների վերաբերյալ արխիվային նյութերի հրապարակումից:
Փաստորեն, Բաքվում կրկնվել է 1988 թվականի փետրվարին Սումգայիթում տեղի ունեցած բռնությունների սցենարը' անհամեմատ մեծ մասշտաբներով, ինչի հետևանքով քաղաքն ամբողջովին հայաթափվել է:
Բաքվի հայ բնակչության ջարդերը և բռնի տեղահանությունը լիովին ներգրվում են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված «ցեղասպանություն» իրավական հասկացության մեջ:
Բաքվի հայաթափումից անցել է 26 տարի: Այս ամբողջ ընթացքում Ադրբեջանում ցինիկաբար նենգափոխվում է 1990 թվականի «սև հունվարի» էությունը, փորձում են պատմության էջերից ջնջել Բաքվի բնիկ հայ ազգաբնակչության ցեղասպանության քաղաքականության հետքերը: Պաշտոնական Բաքուն այսօր ևս շարունակում է կեղծել հունվարյան հայկական ջարդերի պատմությունը' փորձելով այդ իրադարձությունները ներկայացնել որպես «ԽՍՀՄ կազմից դուրս գալու ադրբեջանական ժողովրդի ազգային-ազատագրական շարժման' ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների կողմից արյան մեջ խեղդելու փորձ»: Սա պատմական փաստերի անթաքույց կեղծում է, քանի որ 1991 թ. մարտի 17-ին Ադրբեջանում անցկացված համամիութենական հանրաքվեի արդյունքներով Ադրբեջանի ԽՍՀ բնակչության 70 տոկոսից ավելին արտահայտվել էր հօգուտ ԽՍՀՄ պահպանման:
Ադրբեջանի վայրենությունը աշխարհին ապշեցնում է նաև այսօր' Բաքվում ողբերգությունից 26 տարի անց: Քաղաքացիական բնակչության էթնիկ հատկանիշով վայրենի հաշվեհարդար տեսնելու նախահայր Թուրքիայից ժառանգած «ավանդույթը» «սումգայիթից» և «բաքվից» հետո 1992 թվականին կրկնվել է Մարաղայում: Հետո, համեմատաբար խաղաղ ժամանակ, տեղի է ունեցել «բուդապեշտը», այնուհետև գազանաբար սպանվեցին գերեվարված հայ խաղաղ բնակիչներ Մանվել Սարիբեկյանը, Կարեն Պետրոսյանը, Մամիկոն Խոջոյանը...80-ականների վերջին Ադրբեջանում ևս մեկ «ավանդույթ» ստեղծվեց' հայերի մարդասպանների հերոսացումը: Ինչպես 1988-1989 թվականներին հերոսներ հռչակեցին Սումգայիթի մարդասպաններին և նրանց դիմանկարները տարան Բաքվի հանրահավաքներում, այնպես էլ 15 տարի հետո հերոս անվանեցին հայ սպայի մարդասպանին: Եվ ամբողջ աշխարհում պաշտոնապես հայտարարեցին, որ հայի սպանությունը Ադրբեջանում հանցագործություն չի համարվում: Բաքվի հայության ցեղասպանությունը իրապես դարձավ Թուրքիայի և նրա ծնած ու ժառանգորդ Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ իրագործված հանցագործությունների դարավոր շղթայի անբաժանելի օղակը:
Կամո Բաղդասարյան


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից