«Հրապարակ». Ընդդիմությունն ուզում է մասնակցել. իշխանությունը չի արձագանքում
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան խորհրդարանի նիստում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ արեց ՀՀ իշխանություններին՝ փակ հանդիպում նախաձեռնել եւ պարզաբանել, թե օրեր շարունակ ինչ քննարկում է ընթանում Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ Փաշինյանի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջեւ։
Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետը պարբերաբար հեռախոսազրույցներ է ունենում տարբեր երկրների ղեկավարների հետ, Պուտինի հետ չորս անգամ է խոսել։ «Մենք չենք կարող տեղեկացված չլինել, թե ինչ է տեղի ունենում այդ դաշտում»,- ասաց Մարուքյանը։
Պատգամավորը կարծում է. «Այս միասնականությունը պետք է օգտագործել, գուցե մի խորհուրդ կամ առաջարկ էլ մենք տանք։ Այս պահին ամբողջությամբ կտրված ենք այդ խոսակցություններից եւ որեւէ ձեւով դրա մասնակիցը չենք դառնում։ Մի գլուխը լավ է, երկու գլուխն ավելի լավ է, երեքն ավելի լավ է, եւ լուծումները կգան ընդհանուր խորհրդակցություններով»: Երեկ ուշ երեկոյան Մարուքյանից տեղեկացանք, որ իշխանությունը չի արձագանքել իր կոչ-առաջարկին»։