«Հրապարակ». Վարչապետի հետ հանդիպումները հնարավոր է շարունակվեն եւ մասնակցեն նախկին վարչապետները
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտախորհրդարանական ուժերի հանդիպումը կարող է պարբերական բնույթ կրել․ նման տպավորություն է ստացել հանդիպմանը մասնակցած «Ժառանգություն» կուսակցության ներկայիս ղեկավար Նարինե Դիլբարյանը։
Ավելին, չի բացառվում, որ ընդլայնվի նաեւ ձեւաչափը, եւ նոր ուժեր ու անհատներ մասնակցեն։ «Ես չգիտեմ՝ ինչ սկզբունքով էր ընտրվել մեր հանդիպման ֆորմատը, բայց առաջարկել եմ ընդլայնել շրջանակը եւ մասնավորապես հրավիրել նախկին վարչապետերի, որոնք պետական կառավարման ոլորտում եւ ռազմական իրավիճակներում աշխատելու փորձ ունեն՝ Վազգեն Մանուկյան, Հրանտ Բագրատյան, Արմեն Դարբինյան, թեեւ վերջինս պատերազմական իրավիճակում չի աշխատել, բայց կառավարման համակարգի փորձ ունի»,- երեկ մեր լրագրողին ասել է Դիլբարյանը՝ տեղեկացնելով նաեւ, որ Փաշինյանը կարծես թե համաձայնել է առաջարկին։
Իսկ նախօրեին տեղի ունեցած հանդիպումը, Դիլբարյանի խոսքով, տեղեկատվության փոխանակման եւ խորհրդատվական բնույթ է կրել, մեկ այլ կարծիքի համաձայն՝ որոշումներ կայացնելու պատասխանատվությունը բաշխելը»։