«Փաստ». Որ երկրներն են միացել բոյկոտին
Հայկական Մամուլ«Փաստ» թերթը գրում է. «Արցախում ընթացող պատերազմն ամբողջովին փոխել է ՀՀ ներքին առօրյան՝ ուղղակիորեն ազդելով նաեւ տնտեսական քաղաքականության վրա։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանի կողմից սանձազերծված այս պատերազմում առանցքային դերակատար է հանդիսանում Թուրքիան, որն իր ռազմական մատակարարմամբ եւ կադրային աջակցությամբ փաստացի ներգրավված է գործողություններում։
Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է դրել որոշման նախագիծ, որի ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես արգելել ՀՀ մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը:
Այդ որոշման ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես (սկզբի համար՝ վեց ամսով) արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը: Հավելենք, որ այս օրերին թուրքական ապրանքների բոյկոտման գործընթացին են միացել նաեւ Սաուդյան Արաբիան եւ Մարոկկոն։ Արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ ներկայումս լուրջ աշխատանքներ են տարվում թուրքական ապրանքների բոյկոտման գործընթացը Եվրոպա «տեղափոխելու» համար։
Մասնավորապես, կան տեղեկություններ, որ առաջիկա օրերին մի շարք եվրոպական առաջատար պետություններ եւս կմիանան այս հակաթուրքական միջազգային ակցիային, ինչն ուղղակիորեն հարված է հասցնելու թուքական առեւտրին, ըստ այդմ՝ նաեւ տնտեսությանն ու ներքին կայունությանը»: