«Հիվանդանոցում է, ծնողներն այցելել են նրան». Հայաստան է տեղափոխվել նաև նախորդ տարի գերեվարված Արայիկ Ղազարյանը
Հասարակություն
Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ռուսական կողմի աջակցությամբ Ադրբեջանից Հայաստան տեղափոխված 44 հայ գերիների թվում է նաև 2019 թ․ օգոստոսի 12-ին գերեվարված՝ 2000 թվականին ծնված Արայիկ Ղազարյանը։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Վայոց Ձորի Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանն ասաց, որ ընտանիքի անդամներն արդեն հանդիպել են Արայիկին․ «Երեկ ինձ զանգահարեց Մալաթիա-Սեբաստիայի քննաչականի պետն ու ասաց, որ Արայիկի ծնողների հետ չեն կարողանում կապ հաստատել, ես զանգահարեցի Արայիկի մորը և հայտնեցի, որ որդին եկել է։ Աչքալուսանք տվեցի, ուրախացավ, ասեց՝ մի հորթ ենք մատաղ անելու։ Ասացի՝ ավելի լավ է ծախեք, ձեր խնդիրները լուծեք, կարևորն այն է, որ երեխան վերադարձել է։ Այժմ Արայիկը հիվանդանոցում է, ծնողներն այցելել են նրան, պետք է բուժզննություն անցնի, քննչական գործողություններ կլինեն, որից հետո կգան տուն»,- ասաց Արթուր Ստեփանյանը։
Մեզ հետ զրույցում Արայիկի մայրը՝ Կարինե Ղազարյանն էլ ասաց, որ որդուն տեսակցել է գիշերը, ընդամենը, 20 րոպեով․ «Մեզ բոլորիս ճանաչեց, բայց դեռ չի պատկերացնում ուր է, ինչ է։ Մի փոքր դանդաղ, հանգիստ է խոսում։ Առայժմ հիվանդանոցում բուժզննում է անցնում, խնդիրների մասին ոչինչ չի ասել։ Դեմքին ու ձեռքերին վերքեր կամ հետքեր չեմ նկատել։ Ընդհանուր վիճակը բավարար է»,- նշեց գերությունից վերադարձած Արայիկի մայրը՝ նշելով, որ սպասում են բուժզննության արդյունքներին։
Հարցին, թե ինչ էր պատմում որդին Ադրբեջանում գտնվելու օրերից, տիկին Կարինեն նշեց, որ այդ մասին չեն հասցրել զրուցել, քանի որ երկար ժամանակով չեն տեսակցել։
Նշենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը՝ հատարարել էր, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության համաձայն՝ կատարվել է գերիների փոխանակում «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով․ «Դրան նախորդել է մեծածավալ նախապատրաստական աշխատանք հայկական և ադրբեջանական կողմերի հետ, որոնք իրականացրել են ռուս խաղաղապահները: Արդյունքում իմ անձնական վերահսկողության ներքո ռուսական օդանավը Բաքու է հասել, և Ադրբեջանի իրավասու մարմիններին է հանձնվել 12 մարդ: Ադրբեջանական կողմից Հայաստան է վերադարձել 44 մարդ։ Ռուս խաղաղապահներն առաջիկայում ևս նպաստելու են եռակողմ համաձայնագրի իրականացմանը»,- ասել էր Մուրադովը:
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)