ՆԱՏՕ-ն դաշինքի դեպի արևելք ընդլայնումը համարում է «մեծ հաջողության պատմություն»
ԱշխարհՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Եվրոպայի արևելք «մեծ հաջողության պատմություն» էր և նպաստեց Եվրոպայում ազատության և ժողովրդավարության տարածմանը: Նման դիրքորոշում է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ամերիկյան MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«ՆԱՏՕ-ի ընդլայնումը վերջին տասնամյակների ընթացքում մեծ հաջողության պատմություն էր: Դաշինքին միացել են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները, Սառը պատերազմի ավարտից հետո անդամների թիվը գրեթե կրկնապատկվել է։ Սա օգնեց ազատության և ժողովրդավարության տարածմանը ողջ Եվրոպայում»,- ասել է գլխավոր քարտուղարը:
Նրա կարծիքով` երբ խոսքը վերաբերում է դաշինքի ընդլայնմանը, մենք իրականում կանգնած ենք երկընտրանքի առաջ՝ անկախ ազգերի ազատ ընտրության և «մեծ տերությունների ազդեցության ոլորտների դարաշրջան» վերադառնալու միջև։
«Հիմնականում խոսքը ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին չէ, այլ յուրաքանչյուր ինքնիշխան ազգի՝ իր ուղին ընտրելու իրավունքը հարգելու մասին, ներառյալ՝ որոշել, թե արդյոք նրանք ցանկանում են պատկանել ՆԱՏՕ-ին, թե ոչ: ՆԱՏՕ-ն հարգում է այս ինքնիշխան ազատ որոշումները: Եվ ՆԱՏՕ-ն երբեք ոչ մի երկրի չի ստիպել միանալ մեր շարքերին»,- ընդգծել է Ստոլտենբերգը։