Կիևի և Չեռնիգովի ուղղություններից զորքերի զանգվածային դուրսբերում չկա. Ուկրաինայի ՊՆ
Աշխարհ«Ռուսաստանը Կիևի և Չեռնիգովի ուղղություններից առանձին ստորաբաժանումներ է տեղափոխում, սակայն ամբողջությամբ չի հրաժարվել քաղաքները գրավելու իր փորձերից»,- ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության խոսնակ Օլեքսանդր Մոտուզյանիկը։ Այս մասին հայտնում է BBC լրատվականը։
Այս շրջաններից ռուսական զորքերի զանգվածային դուրսբերում դեռևս չի նկատվել, հավելել է բանախոսը։
«Դրա համար այս պահին դեռ վաղ է այդ մասին խոսելը, ակնհայտ է, որ հակառակորդը դուրս է բերում ամենաշատ կորուստները կրած ստորաբաժանումները՝ դրանք համալրելու համար։ Այս պահի դրությամբ, մեր օպերատիվ տեղեկություններով, հակառակորդն ամբողջությամբ չի հրաժարվել փորձերից գրավելու կամ գոնե շրջապատելու այդ քաղաքները։ Խոսքը մայրաքաղաքի և Չեռնիգովի մասին է»,- կարծում է Մոտուզյանիկը։
Ռուսաստանը խոսել է այս տարածքներում ռազմական գործողությունների ակտիվության նվազման մասին։ Չնայած դրան, Չեռնիգովի շրջանի հրետակոծությունը շարունակվել է չորեքշաբթի գիշեր. Վյաչեսլավ Չաուսը հայտնել է, որ վնասվել են բնակելի շենքեր, ենթակառուցվածքներ, գրադարաններ և առևտրի կենտրոններ։