Ուկրաինայի դեսպանը բողոքի ցույց է իրականացրել Իսրայելի ՊՆ ղեկավարի ելույթի ժամանակ
ԱշխարհՉորեքշաբթի օրը՝ ապրիլի 6-ին, դիվանագիտական սկանդալ է տեղի ունեցել քաղաքական և անվտանգության հարցերով ճեպազրույցում, որը 80 օտարերկրյա դեսպանների համար անցկացրել են Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը և պաշտպանության նախարար Բենի Գանցը։ Ուկրաինայի դեսպան Եվգեն Կորնիյչուկը ոտքի է կանգնել և արհամարհանքով լքել դահլիճը՝ ՊՆ ղեկավարի ելույթն սկսելուց բառացիորեն 20 վայրկյան անց։ Այս մասին հաղորդում է «Вести Израиль»-ը:
Ուկրաինացի դիվանագետը բացատրել է, որ դա արել է ի նշան բողոքի այն բանի, թե ինչպես է պաշտպանության նախարարն անվանել ռուսական ներխուժումն Ուկրաինա։
«Գանցն ինձ զարմացրեց: Նա գիտի, որ սա «հակամարտություն» չէ, այլ իրական պատերազմ, որը Ռուսաստանը սանձազերծել է Ուկրաինայի դեմ: Ով-ով, բայց Իսրայելի պաշտպանության նախարարը պետք է իմանա դա: Այդ պատճառով ես ի նշան բողոքի լքեցի դահլիճը: Սա ոչ մի կապ չունի Իսրայելի նկատմամբ պաշտպանական սարքավորումների մատակարարման մեր պահանջների հետ։ Մենք ձեզ չենք աղաչում: Դա ձեր կառավարության որոշումն է։ Իսրայելի ժողովուրդը աջակցում է Ուկրաինային, բայց, ցավոք, այս ժողովրդի կառավարությունն այլ կերպ որոշեց»,- ասել է դեսպանը։
Նշվում է, որ ելույթների ժամանակ Գանցն ու Լապիդն ընդգծել են, որ «Իսրայելը դատապարտում է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և Ռուսաստանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները»։
Բացի այդ, իսրայելցի նախարարները դեսպաններին պատմել են մարդասիրական օգնության մասին, որը Իսրայելը տրամադրում է Ուկրաինային։ Ի վերջո, Գանցը և Լապիդը հիշեցրել են Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի միջնորդությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ պատերազմը դադարեցնելու նպատակով: