Ինչո՞ւ ենք ընթրիքից հետո կրկին բացում սառնարանը․ գիտնականները բացատրել են պատճառները
Գիտություն և Մշակույթ
Մասնագետների խոսքով՝ երեկոյան քաղցի զգացումը բնական երևույթ է, որը պայմանավորված է ինչպես օրգանիզմի կենսաբանական առանձնահատկություններով, այնպես էլ սնվելու սովորություններով։
Հետազոտությունների համաձայն՝ մարդկանց մոտ մեկ երրորդը ամեն երեկո ընթրիքից հետո լրացուցիչ սնունդ է օգտագործում։ 18-24 տարեկանների շրջանում այդ ցուցանիշը հասնում է հինգից չորսի. փոխանցում է BBC-ն։
Դիետոլոգ Քրիստին Բոլյեն նշում է, որ քնելուց առաջ՝ հատկապես վերջին երկու ժամվա ընթացքում, սնունդ ընդունելը կարող է մեծացնել քաշի ավելացման և ճարպակալման հավանականությունը։
Մասնագետների բացատրությամբ՝ երեկոյան ժամերին բնականորեն բարձրանում է ախորժակը խթանող՝ գրելին հորմոնի մակարդակը։ Բացի այդ, եթե ընթրիքը բավարար չափով հագեցնող չէ և չի պարունակում սպիտակուցներ ու բջջանյութ, ավելի ուշ կրկին քաղցի զգացում կարող է առաջանալ։
Սնվելու ցանկության վրա ազդում են նաև սովորությունները։ Օրինակ՝ հեռուստացույց դիտելիս խորտիկներ ուտելու սովորություն ունեցող մարդկանց մոտ հեռուստացույցը միացնելն ինքնին կարող է սնվելու ցանկություն առաջացնել։
Երեկոյան քաղցրավենիքի նկատմամբ ձգտումը նույնպես ունի կենսաբանական բացատրություն։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ օրվա այդ հատվածում բարձր կալորիականությամբ, ճարպոտ և քաղցր սննդի նկատմամբ ցանկությունն ուժեղանում է։ Ուղեղի պարգևատրման համակարգը կարող է խթանել լրացուցիչ սնվելու ցանկությունը նույնիսկ այն ժամանակ, երբ մարդն արդեն կուշտ է։
Մասնագետների խոսքով՝ քնելուց առաջ մեծ քանակությամբ սնունդ ընդունելը կարող է ծանրաբեռնել մարսողությունը։ Շաքարով և զտված ածխաջրերով հարուստ մթերքները, օրինակ՝ թխվածքաբլիթներն ու քաղցրավենիքը, որոշ հետազոտություններում կապվել են քնի վատ որակի հետ։ Սակայն գիտնականները դեռևս հստակ չեն պարզել՝ արդյոք ուշ ժամերին նման սնունդն է խանգարում քունը, թե քնի պակասն է մեծացնում քաղցրավենիքի նկատմամբ ցանկությունը։
Մասնագետները խորհուրդ են տալիս նախ հասկանալ՝ երեկոյան սնվելու ցանկությունն առաջանում է իրական քաղցի՞ց, թե՞ սովորությունից։ Եթե մարդն իսկապես քաղցած է, կարելի է օրվա ընթացքում ավելի հագեցնող սնունդ ընդունել։ Իսկ սովորության դեպքում օգտակար է փոխել երեկոյան առօրյան և նախապես որոշել՝ ինչ ուտել։
Խորհուրդ է տրվում նաև հեռուստացույց դիտելիս չուտել, քանի որ ուշադրությունը շեղված լինելու դեպքում մարդը կարող է չնկատել, թե որքան սնունդ է օգտագործում։ Միաժամանակ մասնագետները չեն առաջարկում ամբողջությամբ հրաժարվել երեկոյան խորտիկներից․ կարելի է ընտրել չափավոր չափաբաժիններով մրգեր, յոգուրտ, ընկույզ կամ երբեմն՝ մի փոքր շոկոլադ։
Գլխավոր խորհուրդն է՝ առողջ սնունդը դարձնել ամենահասանելի ընտրությունը՝ տանը մշտապես ունենալով օգտակար տարբերակներ։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է