Փաշինյանը, Միշելը և Ալիևը քննարկել են նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցության հարցը
ԱշխարհՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բրյուսելյան հանդիպմանը քննարկվել է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում իր ելույթում՝ անդրադառնալով ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը:
«Քննարկման կարևոր թեմաներից էին հումանիտար հարցերը: ԵԽ նախագահն ընդգծեց գերեվարված բոլոր անձանց ազատ արձակելու անհրաժեշտությունը, քննարկեցինք նաև անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու շուրջ համագործակցելու հնարավորությունը և հարցերը»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը հիշեցրեց, որ Արցախյան 2 պատերազմներից հետո հայկական կողմն ունի գտնվելու վայրը անհայտ 985 մարդ, որից 208-ը՝ 44-օրյա պատերազմից, 777-ը՝ Արցախյան առաջին պատերազմից: Նա շեշտեց՝ պետք է շարունակել նրանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը:
Ադրբեջանը, չնայած 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությանը, մինչև օրս ամբողջությամբ չի վերադարձել գերեվարված անձանց: