Հայաստանում Ճապոնիայի դեսպանը կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը
ՀասարակությունՀայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով ապահովել Լաչինի միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, այս մասին հայտնում են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատնից:
«Մտահոգ եմ Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների մասին հաղորդումներով։ Կոչ եմ անում կողմերին թուլացնել լարվածությունը և ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունների»,- ասել է դեսպանը:
Ադրբեջանը 2022 թ. դեկտեմբերի 12-ից փակ է պահում Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Ճանապարհի փակ լինելու պատճառով Հայաստանից Արցախ չի կարողացել վերադառնալ 1100 մարդ, որոնց թվում՝ 270 երեխա: Խախտված են անձանց ազատ տեղաշարժի, նվազագույն կենսամակարդակի ապահովման, բժշկական խնամք ստանալու, կրթության և այլ իրավունքներ։