Մեկ օրում մարդասիրական օգնությամբ ռեկորդային քանակով բեռնատարներ են մուտք գործել Գազա
ԱշխարհՆոյեմբերի 12-ին հումանիտար օգնությամբ առնվազն 143 բեռնատար է մտել Գազայի հատված «Ռաֆահ» հսկիչ անցակետով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես X սոցիալական ցանցում հաղորդել է Պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման վարչությունը, դա մերձավորարևելյան հակամարտության սրումից հետո օրական առավելագույն ցուցանիշն է՝ անկլավ օգնություն հասցնելու մեկնարկից ի վեր:
«Ռազմական գործողությունների սկզբից [հոկտեմբերի 7-ից] ի վեր այսօր ամենամեծ թվով բեռնատարներն են ստուգվել և ուղարկվել Գազայի հատված»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, մարդասիրական օգնությամբ 143 բեռնատար է մտել Գազա «Ռաֆահ» հսկիչ անցակետով ։
Դրանցից 72 բեռնատար տեղ է հասցրել պարենային ապրանքներ (1,62 հազար տոննա), 11-ը` բժշկական սարքավորումներ (137 տոննա), 22-ը` ջուր (444 տոննա), 15-ը` առաջին անհրաժեշտության իրեր ժամանակավոր տեղավորման կետերի աշխատանքների կազմակերպման համար (220 տոննա), 23 - խառը բեռներ (351 տոննա):
Գազայի հատված մարդասիրական օգնության առաքումն սկսվել է հոկտեմբերի 21-ին՝ մերձավորարևելյան հակամարտության սրման սկսվելուց հետո երկու շաբաթ անց։