Ցավալի է. Իրանն արձագանքել է ԵՄ նոր պատժամիջոցների մասին հայտարարությանը
ԱշխարհԻրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն արձագանքել է Եվրամիության՝ Իրանի Հանրապետության դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին որոշմանը։
«Ցավալի է տեսնել, թե ԵՄ-ն որքան արագ է որոշում ավելի շատ անօրինական սահմանափակումներ կիրառել Իրանի դեմ միայն այն պատճառով, որ Իրանը կիրառեց իր ինքնապաշտպանության իրավունքը՝ ի դեմս Իսրայելի անխոհեմ ագրեսիայի։ ԵՄ-ն չպետք է հետևի Վաշինգտոնի խորհուրդներին՝ գոհացնելու Իսրայելի հանցավոր ռեժիմին։
Ցավալի է նաև, որ մինչ Իսրայելի ռեժիմը շարունակում է իր ցեղասպանությունը պաղեստինցիների դեմ տարբեր պատերազմական հանցագործությունների, հրթիռային հարձակումների և սովի միջոցով, ԵՄ արձագանքը նման հանցագործություններին ոչ այլ ինչ է, քան դատարկ խոսքեր:
ԵՄ-ն պետք է պատասխանատվությամբ գործի և պատժամիջոցներ կիրառի Իսրայելի ռեժիմի դեմ», - գրել է Աբդոլլահիանը X-ի իր միկրոբլոգում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրամիությունն Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կսահմանի։ Այս մասին Լյուքսեմբուրգում նախարարների հանդիպման նախաշեմին ասել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Իրանի միջուկային ծրագիրն այսօր օրակարգում չէ։ Մենք մտադիր ենք քայլեր ձեռնարկել հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրության և արտահանման վերաբերյալ։ Սա է քննարկման թեման»,- ասել է Բորելը։