Երևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ Առավոտ
Իրավունք
Սահմանադրական դատարանը Դավիթ Մուսայելյանի անհատական դիմումի հիման վրա գործն ընդունել է քննության։ Դիմողը վիճարկում է օրենսդրական այն դրույթի սահմանադրականությունը, որի համաձայն՝ օրենքի ուժի մեջ մտնելու պահից վերացած են համարվում նախկինում կիրառված հայցի ապահովման այն միջոցները, որոնցով արգելվել էր համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների քանդումը կամ ապամոնտաժումը։
Ինչպես հայտնում է Aravot.am-ը, Դավիթ Մուսայելյանը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով նաև միջնորդել է կասեցնել վիճարկվող դրույթի գործողությունը՝ նշելով, որ հակառակ դեպքում իր համար կարող են առաջանալ անդառնալի և ծանր հետևանքներ։
Խոսքը թիվ ՎԴ/15887/05/25 վարչական գործի մասին է, որի շրջանակում դիմողը միջնորդություն էր ներկայացրել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ։ Վարչական դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ բավարարել էր միջնորդությունը և Երևանի քաղաքապետարանին արգելել ապամոնտաժել համապատասխան հասցեում գտնվող ինքնակամ կառույցը։
Սակայն հետագայում ընդունված օրենսդրական փոփոխությամբ սահմանվել է, որ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը ներկայացված միջնորդությունների հիման վրա կիրառված այն հայցի ապահովման միջոցները, որոնք արգելում էին համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների քանդումը, օրենքի ուժի մեջ մտնելու պահից համարվում են վերացած։
Դիմողի պնդմամբ՝ մինչև օրենսդրական փոփոխության ընդունումը դատարանն արդեն բավարարել էր իր միջնորդությունը և կիրառել հայցի ապահովման միջոց։ Հետևաբար, իր գնահատմամբ, ինքը ունեցել է իրավաչափ ակնկալիք, որ այդ միջոցը կարող է վերացվել միայն տվյալ պահին գործող դատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով։
Դիմումում նշվում է, որ տվյալ դեպքում օրենսդիր իշխանությունը միջամտել է նախկինում ընդունված դատական ակտի գործողությանը՝ առաջացնելով իրավական որոշակիության և իրավաչափ ակնկալիքի սկզբունքների խախտման խնդիր։
Դիմողը վիճարկվող դրույթի սահմանադրականությունը խնդրահարույց է համարում Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածների տեսանկյունից։
Այժմ հարցը քննության է առնվելու Սահմանադրական դատարանում։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան