Գերմանիայի հարյուրավոր դպրոցներ պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացել
Աշխարհ
Գերմանիայի տարբեր դաշնային երկրամասերի հարյուրավոր դպրոցներ նոյեմբերի 23-ի առավոտյան էլեկտրոնային փոստով պայթյունի սպառնալիքներ են ստացել։ Նամակները եղել են գրեթե նույնական, իսկ դրանց հեղինակները պնդել են, թե պայթուցիկ սարքեր են տեղադրված ուսումնական հաստատությունների շենքերում։
Ֆրայբուրգի ոստիկանության տվյալներով՝ միայն Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասում սպառնալիքով նամակներ են ուղարկվել ավելի քան 450 դպրոցների։ Նման հաղորդագրություններ են ստացվել նաև Թյուրինգիայում, Ներքին Սաքսոնիայում, Սաքսոնիա-Անհալթում, Բեռլինում և այլ շրջաններում։ Բեռլինում, մասնավորապես, սպառնալիքներ են ստացել 14 դպրոց։
Իրավապահները ստուգումներ են սկսել, իսկ որոշ դպրոցներ ժամանակավորապես տարհանվել են կամ դադարեցրել դասերը։ Միաժամանակ Թյուրինգիայի և մի շարք այլ շրջանների ոստիկանությունները հայտարարել են, որ այս պահին իրական և կոնկրետ վտանգի մասին տեղեկություններ չկան։ Դպրոցներին խորհուրդ է տրվել պահպանել կապը ոստիկանության հետ և շարունակել բնականոն աշխատանքը, եթե դրա հակացուցումներ չկան։
Սպառնալիքներով նամակների հեղինակների ինքնությունը դեռ պարզված չէ։ Գերմանիայի իրավապահները հետաքննում են դեպքերը՝ պարզելու զանգվածային սպառնալիքների կազմակերպման աղբյուրը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը