Բրիտանիայի ոստիկանությունը կորցրել է սեռական հանցագործությունների համար դատապարտված շուրջ հազար անձի հետքը
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը չի կարողանում պարզել սեռական հանցագործությունների համար դատապարտված 997 անձի գտնվելու վայրը։ Նրանցից ավելի քան 500-ը իրավապահների տեսադաշտից դուրս են մնացել մեկ տարուց ավելի, իսկ մեկ անձի հետքը կորել է դեռևս 1995 թվականից։ Այս տվյալները հրապարակվել են «The Sun on Sunday»-ի՝ տեղեկատվության ազատության մասին օրենքի հիման վրա ստացված հարցման արդյունքում։
Ամենամեծ ցուցանիշը գրանցվել է Լոնդոնի Մետրոպոլիտեն ոստիկանության տարածքում․ անհետ կորած կամ հետախուզվող է համարվում 289 դատապարտյալ, որոնցից 189-ի գտնվելու վայրը հայտնի չէ ավելի քան 12 ամիս։ Ուեսթ Միդլենդսի ոստիկանությունը հայտնել է 105, իսկ Մեծ Մանչեսթերի ոստիկանությունը՝ 96 նման դեպքի մասին։ Իրական թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ որոշ ոստիկանական ստորաբաժանումներ, այդ թվում՝ Էսեքսի ոստիկանությունը, տվյալներ չեն տրամադրել։
Բրիտանիայում սեռական հանցագործությունների համար դատապարտված անձինք պարտավոր են ոստիկանությանը հայտնել իրենց բնակության հասցեի և անվան փոփոխությունների մասին։ Սակայն համակարգի արդյունավետությունը մեծապես կախված է այդ պահանջների կատարմանից։ Թոշակի անցած ավագ հետախույզ Քևին Մուրը նշել է, որ հանցագործներին վերահսկող ստորաբաժանումները ծանրաբեռնված են և չեն կարողանում մշտապես հետևել բոլորին։
Միևնույն ժամանակ, ոստիկանության ազգային խորհրդի ներկայացուցիչ Ջոնի Բլեքվելը հայտարարել է, որ անհետ կորած կամ հետախուզվող անձինք կազմում են վերահսկվող դատապարտյալների ընդհանուր թվի միայն փոքր մասը՝ ընդգծելով, որ Մեծ Բրիտանիան ունի նրանց վերահսկելու արդյունավետ մեխանիզմներ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը