Տաջիկստանը ՄԱԿ-ին ծանուցել է Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Աշխարհ
Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնադիր Հռոմի կանոնադրությունից դուրս գալու որոշման մասին։ ՄԱԿ-ի պայմանագրերի հավաքածուում հրապարակված C.N.506.2026 պաշտոնական ծանուցման համաձայն՝ փաստաթուղթը ստացվել է 2026 թվականի նոյեմբերի 20-ին։
Համաձայն Հռոմի կանոնադրության 127-րդ հոդվածի՝ դուրս գալու որոշումն ուժի մեջ կմտնի ծանուցումն ստանալուց մեկ տարի անց՝ 2027 թվականի նոյեմբերի 20-ին։ Մինչ այդ Տաջիկստանը կշարունակի մնալ պայմանագրի մասնակից պետություն և պահպանել դրանից բխող պարտավորությունները։
Դուշանբեն իր որոշումը բացատրել է դատարանի գործունեության աճող քաղաքականացմամբ։ Տաջիկստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Իդիբեկ Քալանդարի գնահատմամբ՝ ՄՔԴ-ն աստիճանաբար միջազգային քրեական արդարադատությունը վերածում է միջպետական վեճերում քաղաքական ճնշման գործիքի։
Նոյեմբերի 23-ին Միջազգային քրեական դատարանի մասնակից պետությունների վեհաժողովի նախագահությունը մտահոգություն է հայտնել որոշման կապակցությամբ և կոչ արել Տաջիկստանին վերանայել այն։ Եվրամիությունն էլ ափսոսանք է հայտնել՝ ընդգծելով, որ դուրս գալը չի ազատում երկրին մինչև այդ ստանձնած պարտավորություններից։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը