Առաջիկայում ՀՀ-ն և Ադրբեջանը կծանուցեն միմյանց կանոնակարգի ուժի մեջ մտնելու վերաբերյալ․ Միրզոյան
ՔաղաքականԱռաջիկայում Հայաստանը և Ադրբեջանը կծանուցեն միմյանց սահմանազատման կանոնակարգի ուժի մեջ մտնելու վերաբերյալ։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ Բաքվի հետ մոտ ապագայում կկարողանան համաձայնեցնել մյուս կետերը և ստորագրել պայմանագիրը․ «1-2 ձևակերպման շուրջ աշխատանքները շարունակվում են»։
«Ինձ վերջերս ԱԺ-ում մեղադրեցին հաճախ զգուշավոր լավատեսություն հայտնելու մեջ։ Բայց չեմ կարող չօգտագործել այս բառերը։ Պետք է զգուշավոր լավատեսություն հայտնեմ այն մասին, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի համաձայնության գալ այդ 1-2 ձևակերպումների շուրջ, որից հետո արդեն պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման»,– ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
Անդրադառնալով Բաքվում կայանալիք COP29–ին իր մասնակցության մասին հարցին՝ նախարարը նշեց․ «Այդ հարցին էլ կանդրադառնամ»։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրել են հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը։