Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Փաշինյան
ՔաղաքականԻնչո՞ւ է ընդհանրապես մեր իրականության և մեր մշակույթի մեջ Կոմիտաս Վարդապետի դերն այդքան բարձր գնահատվում, որովհետև ոչ նյութական ժառանգության մի մասը, ըստ էության, անէանալուց փրկել է՝ գյուղեգյուղ գնալով, հավաքելով, փաստագրելով և այսպես շարունակ: Այս մասին կառավարության նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այն ժամանակ մենք պետություն չենք ունեցել, բայց հիմա մենք պետություն ունենք, որը պարտավոր է այդ մշակութային քաղաքականության ուղղությունն իրականացրել: Եթե մեզ թվում է՝ մենք հիմա չունենք այդպիսի կորսվող ոչ նյութական արժեքներ, չարաչար սխալվում ենք»,- նշել է նա:
Ըստ Փաշինյանի՝ ոչ նյութական, կարևոր արժեք է մեր խոհանոցը:
«Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը՝ որպես ազգային արժեք»,- ասաց նա:
Վարչապետը մեջբերեց, որ գյուղեր այցելելու ժամանակ, երբ մարդիկ իրենց կենցաղին են ծանոթացնում, հյուրասիրում են տարբեր ուտեստներ, որոնք իրենց անծանոթ են, և իրենք նույն տեղանքի ռեստորանում փորձում են այդ ուտեստը պատվիրել, նույնիսկ լսած չեն լինում դրա մասին:
«Նման մի քանի դեպքերից հետո ես խնդիր դրեցի, որ մրցութային կամ գրանտային ծրագիր իրականացնենք, որ մեր մասնագետներն անցնեն բնակավայրերով, յուրահատուկ բաղադրատոմսերն ու ճաշատեսակաները հավաքեն»,- նշեց վարչապետը: