2024 թվականին 61 մլրդ դրամից ավելի եկամուտներ ենք հավաքագրել. Տիգրան Ավինյան
ՔաղաքականԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2025թ. պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարել է, որ Երևանը 2024 թվականին, 2023-ի համեմատ, սեփական եկամուտները էականորեն ավելացրել է։
«Երևանի քաղաքապետարանը 2024թ. 61 մլրդ դրամից ավել եկամուտներ է հավաքագրել՝ 2023թ. 39 մլրդ դրամի համեմատ։ Ի հավելումն՝ փորձել ենք նաև ծրագրերի ծավալն ընդլայնել»,- ասել է նա։
Ավինյանի խոսքով՝ քաղաքապետարանը վերջին երկու տարիներին սկսել է իրականացնել այնպիսի ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք նախկինում երբևէ չեն արվել.
«Վերջին երկու տարվա ընթացքում քաղաքապետարանն սկսել է ամեն տարի 14-15 կիլոմետր կոյուղի փոխարինել, որը, փաստացի, ֆորմալ Երևանի քաղաքապետարանի գործառույթը չէ, չնայած Երևանի քաղաքապետարանը, սեփական եկամուտներից ելնելով, որոշակի բյուջե է ներդրել, և տարին 1,5-1,8 մլրդ դրամ է ծախսել: Այս տարի արդեն իսկ ավարտում ենք այդ աշխատանքները, և ուզում եմ հատուկ շեշտել, որ սա իրականացնում ենք ուղղակի այն պահանջարկից ելնելով, որ քաղաքում կա: Այսինքն՝ կան ենթակառուցվածքներ, որոնք այն աստիճանի մաշված են, փոխարինման կարիք ունեն, որ Երևանի քաղաքապետարանն ուղղակի այլընտրանք չունի»,- ասել է նա։