ՀՀ ԱԳՆ-ից հաստատում են՝ Ադրբեջանի դեսպանը սպառնացել է սպանել դեսպան Տիգրան Բալայանին (տեսանյութ)
ՔաղաքականՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հաստատեց Politico պարբերականի տեղեկությունները, որ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից։
«Այո, ընդունելության ընթացքում վիրավորանքներ ու սպառնալիքներ են եղել, ինչ մասին հայտագրով հայտնել ենք բելգիական կողմին, ինչպես նաև ԵՄ-ին»,- ԱԺ-ում ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ այդ հարցով հետաքննություն է ընթանում։
«Դեռևս արձագանք չկա»,- հավելեց ԱԳՆ պաշտոնյան։
Հիշեցնենք, որ ըստ ԶԼՄ–ների՝ Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է հայտնել Բրյուսելում այլ դիվանագիտական ներկայացուցչություններին այն բանից հետո, երբ ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել իրեն։
Միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Թանգլա հյուրանոցում ընդունելության ժամանակ, որը կազմակերպել էր Թուրքիայի դեսպանատունը երկրի ազգային օրվա առթիվ: