Հունաստանում Փարաջանովին նվիրված մշակութային միջոցառում են անցկացրել
ՀասարակությունՆոյեմբերի 6-ին Աթենքի Cinema Studio New Star Art կինոթատրոնում «Կովկաս» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ և Հունաստանում Վրաստանի դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ մշակութային միջոցառում՝ նվիրված աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։ Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։
Միջոցառմանը ողջույնի ուղերձներով հանդես եկան Հունաստանում Հայաստանի և Վրաստանի դեսպաններ Տիգրան Մկրտչյանը և Լևան Բերիձեն, «Կովկաս» մշակութային կենտրոնի նախագահ և Աթենքում վրացական ինստիտուտի տնօրեն Ավթանդիլ Միկաբերիձեն, Studio New Star Art կինոթատրոնի գեղարվեստական ղեկավար Վելիսարիոս Կոսիվակիսը։ Միջոցառմանը բացառիկ կատարումներով հանդես եկավ Վրաստանից ժամանած «Սագալոբելի» պատանեկան երգչախումբը։ Միջոցառումն ամփոփվեց «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» ֆիլմի ցուցադրությամբ։
Դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության դեսպանությունը նախատեսում է անցկացնել փարաջանովյան օրեր Հունաստանում։