«Սուրմալու»-ի մոտ մետրոյի նոր կայարանի կառուցման ծրագիրը ներկայացվել է միջազգային փորձագիտական համայնքին
Իրավունք«Սուրմալու»-ի մոտ մետրոյի նոր կայարանի կառուցման ծրագիրը ներկայացվել է միջազգային կառույցներին և արտաքին փորձագիտական համայնքին՝ ևս մեկ անգամ կարծիքներ ստանալու նպատակով: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը՝ նշելով, որ եթե մինչև նոյեմբերի վերջ մասնագիտական խմբի նիստը կայանա և նախագիծը լրամշակված հաստատվի, կանցնեն արդեն մրցութային գործընթացի փուլ:
««Սուրմալու»-ի մոտ մետրոյի նոր կայարանի կառուցման նախագիծը հոկտեմբերի 17-ին կայացած մասնագիտական խմբի նիստում, ինչպես նաև բյուջետային քննարկման ժամանական քննարկվել է, որտեղ որոշվել էր նախագիծը վերանայել, լրամշակել՝ այնտեղ ներառելով նաև որոշակի տեխնիկական, տեսական ուսումնասիրություն իրականացնելու բաղադրիչը: Նաև քննարկվել էր ծրագիրը ներկայացնել միջազգային կառույցներին և արտաքին փորձագիտական համայնքին ուսումնասիրության և իրենց կողմից կարծիքներ ստանալու նպատակով, որն այս պահին ընթացքի մեջ է»,-ասաց Անետա Բաբայանը: