Անգլիական եկեղեցու առաջնորդ Քենթերբերիի արքեպիսկոպոսը աղմկահարույց սեքս-սկանդալի պատճառով հրաժարական է տվել
ՀասարակությունԱնգլիայի եկեղեցու հոգևոր առաջնորդ Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին երեքշաբթի հրաժարական է տվել, երբ հետաքննությունը պարզել է, որ նա ժամանակին չի հայտնել քրիստոնեական ամառային ճամբարներում կամավորի կողմից սերիական ֆիզիկական և սեռական նկրտումների մասին, հաղորդում է NBC News-ը:
Ուելբիի հայտարարության մեջ նշվում է, որ նա հրաժարական է տալիս «տխրությամբ» և «նորին մեծություն թագավորի ողորմած թույլտվությամբ»: Նա հայտնել է, որ կոնկրետ ժամկետները կորոշվեն ավելի ուշ, քանի որ «պարտավոր է կատարել իր սահմանադրական և եկեղեցական պարտականությունները»։
Ոտնձգությունների վերաբերյալ հինգշաբթի անկախ զեկույցի հրապարակումից հետո արքեպիսկոպոսի հրաժարականի կոչերն աճում են:
Իր հրաժարականի նամակում Ուելբին ընդունել է «անձնական և ինստիտուցիոնալ պատասխանատվությունը» այն բանի համար, որ «սխալմամբ» համարել է, թե 2013 թվականին գործով ոստիկանության պաշտոնական հաղորդում տալու կարիք չկա:
Զեկույցում նշվում է, որ 2013 թվականի հուլիսից Անգլիայի եկեղեցին «ամենաբարձր մակարդակով գիտեր, որ Ջոն Սմիթը հինգ տասնամյակների ընթացքում սեռական, հոգեբանական և ֆիզիկական բռնության է ենթարկել մոտ 30 տղաների և պատանիների Մեծ Բրիտանիայում և 85-ին՝ Աֆրիկայում»:
Եկեղեցին Սմիթի մասին պետք է «ճիշտ և արդյունավետ կերպով» զեկուցեր համապատասխան մարմիններին, նշված է զեկույցում:
Աղբյուր` news.am