Սիլվեստր Ստալոնեն Դոնալդ Թրամփին անվանել է «երկրորդ Ջորջ Վաշինգտոն»
ԺամանցՀայտնի դերասան և ռեժիսոր Սիլվեստր Ստալոնեն ելույթ է ունեցել America First Policy Institute–ի կողմից Ֆլորիդայի Mar-a-Lago ակումբում կազմակերպված գալա երեկոյին։
Ըստ AP News-ի՝ Ստալոնեն ապագա նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «երկրորդ Ջորջ Վաշինգտոն»՝ պնդելով, որ նրա ձեռքբերումները տպավորիչ են և համեմատելի Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերի սխրագործությունների հետ։
Իր ելույթի ժամանակ Ստալոնեն ընդգծել է, որ Թրամփն «առասպելական կերպար» է, ով կարողացել է անհավանական հաջողությունների հասնել։ «Աշխարհում ոչ ոք չէր կարող անել այն, ինչ արեց նա», - ասել է դերասանը։
Ստալոնեն նաեւ նշել է, որ ինչպես Վաշինգտոնը, այնպես էլ Թրամփը կարող է աշխարհը դեպի լավը փոխել։ «Երբ Ջորջ Վաշինգտոնը պաշտպանում էր իր երկիրը, նա չէր պատկերացնում, որ պատրաստվում է փոխել աշխարհը: Որովհետեւ առանց նրա կարո՞ղ եք պատկերացնել՝ ինչպիսին կլիներ աշխարհը: Մենք ունենք երկրորդ Ջորջ Վաշինգտոն: Շնորհավորում եմ»,- ասել է դերասանը։