Անհասկանալի պատճառներով մեր թիմի որոշ մարզիկներ զրկվեցին Երևանում կայանալիք Աշխարհի առաջնությանը մասնակցելուց․ Ամոյան
ՍպորտԱնհայտ և մեզ համար անհասկանալի պատճառներով մեր թիմի որոշ մարզիկներ զրկվել են Երևանում կայանալիք Բանակայինների Աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից։ Այս մասին Ինստագրամի իր էջի «սթորի» բաժնում գրել է ըմբիշ Մալխաս Ամոյանը։
«Միշտ պատրաստ ենք եղել բարձր պահելու մեր երկրի պատիվը։ Մեր թիմը պատրաստ էր մասնակցել Երևանում կայանալիք Բանակայինների Աշխարհի առաջնությանը։
Նման վերաբերմունքը ցավալի ազդեցություն ունի մեր թիմի վրա»,– գրել է նա։
Ավելի վաղ մարզիկ Արսեն Հարությունյանը հայտնել էր, որ օրեր առաջ իրենց տեղեկացրել են, թե չեն կարող մասնակցել առաջնությանն իրենց ուժեղագույն կազմով։
«Ավելի ցավալի է, որ մեր առաջատար ըմբիշներին՝ այն մարզիկներին, ովքեր մեծ հնարավորություն ունեին չեմպիոն դառնալու, պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից: Մեզ ոչ մի հստակ պատճառաբանություն չեն ներկայացրել, թե ինչու ենք նման որոշման առջև կանգնել:
Այս իրավիճակը մեզ համար չափազանց դժվար է՝ հոգեբանորեն և ֆիզիկապես: Այն աշխատանքը, որ կատարել ենք, այն զոհողությունները, որ կատարել ենք, մնում են անարդյունք»,– գրել էր նա։