Կանխվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանումը. Տեսչական մարմին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ Արմավիրում կանխվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանումը։
«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մ․ Եղեգնուտ-Արևիկ գյուղերի աջակողմյան հատվածում հայտնաբերել են ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանման դեպք։
Տարածքում ապօրինի ավազակոպիճ դուրս բերող ծանր տեխնիկայի և ավազակոպիճով բեռնված երկու բեռնատարների վարորդները փորձել են դիմել փախուստի։
Տեսչական մարմնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ համատեղ միջոցառման արդյունքում իրավախախտները հայտնաբերվել են։
Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե»,-ասվում է տարածված լուրում։