Բաքուն «ոչ բարեկամական» է անվանել Լեհաստանի նախագահի այցը հայ-ադրբեջանական սահման
ՔաղաքականԱդրբեջանի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հայ-ադրբեջանական սահմանամերձ գոտու տարածքում Եվրամիության դիտորդական առաքելության լեհ դիտորդների հետ հանդիպման կապակցությամբ։
«Լեհաստանի նախագահի այցը Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտի ԵՄ անդամ երկրների հակաադրբեջանական քաղաքականության հերթական վկայությունն է։ Մենք խորապես ցավում ենք Լեհաստանի նախագահի այս քայլի համար։ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել անհրաժեշտ դիվանագիտական միջոցներ՝ ի պատասխան այս ոչ բարեկամական արարքի»,- ասվում է Բաքվի տարածած հաղորդագրության մեջ։
Ադրբեջանցիները լեհական կողմի գործողությունները «հեռադիտակային շոու» են բնորոշել և նշել, որ երկկողմ հարաբերություններն այս գործողությամբ կսրվեն։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության՝ Երասխ բնակավայրում գտնվող դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների հետ։ Այդ մասին նշված է Լեհաստանի նախագահի X-ի միկրոբլոգում։