Թուրքիայում նախատեսում են արգելել 13 տարեկանից ցածր երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
ԱշխարհԹուրքիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության վարչության փոխնախագահ Աբդուլքերիմ Գյունը հայտնել է, որ իրենք աշխատում են 13 տարեկանից ցածր երեխաների համար լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի մուտքն արգելելու ուղղությամբ։
Ըստ թուրքական Milliyet պարբերականի՝ պրոֆեսոր Թունչայ Դիլջին այս նախագծի շնորհանդեսի ժամանակ հայտնել է, որ շատ երկրներում արգելված է 13 տարեկանից ցածր երեխաների համար նախատեսված «խելացի» հեռախոսները, և առաջարկել է նման կանոն ներդնել Թուրքիայում։
Իբրև երեխաների կողմից սոցիալական մեդիայի օգտագործման օրինակ բերվել է մի շարք երկրների փորձը։
Այսպես, ԱՄՆ որոշ նահանգներում 2025 թվականից ուժի մեջ կմտնի 14 տարեկանից ցածր անձանց համար սոցցանցերի օգտագործումն արգելող օրենքը։
Չինաստանում մինչև 16 տարեկանների համար սոցիալական ցանցերում հաշիվ բացելը կախված է ծնողի թույլտվությունից: Ժամը 22-ից մինչև 06-ն արգելվում է մուտքը մոբիլային սարքեր և ինտերնետ:
Ֆրանսիայում 15 տարեկանից ցածր անձանց համար սոցիալական ցանցերի հասանելիությունը կախված է ծնողների թույլտվությունից:
Հարավային Կորեայում 00:00-ից մինչև 06:00-ն արգելված է առցանց խաղերը մինչև 16 տարեկան երեխաների համար:
Մեծ Բրիտանիայում և Ռուսաստանում 13 տարեկանից ցածր անձանց համար առցանց հարթակներում հաշիվներ բացելը սահմանափակ է։
Իտալիայում 14 տարեկանից ցածր անձանց համար բջջային հեռախոս ունենալը և 16 տարեկանից ցածր անձանց սոցիալական ցանցերում պրոֆիլ բացելն արգելված է։
Աղբյուր` news.am