Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ)
Լուսանկարներ
Եվրոպայի շրջակա միջավայրում հայտնվող պլաստիկե թափոնների միայն 0,6 տոկոսն է հասնում գետաբերաններ, մինչդեռ ավելի քան 93 տոկոսը մնում է ցամաքում։ Եվս մոտ 6 տոկոսը պահվում է գետային համակարգերում՝ ափերին կամ հատակի նստվածքներում։ Այս եզրակացությանն են հանգել Նիդեռլանդների Վագենինգենի համալսարանի և հետազոտական կենտրոնի (WUR) գիտնականները՝ միջազգային գործընկերների հետ համատեղ ուսումնասիրելով Եվրոպայի ավելի քան 8 600 գետավազան։
Հետազոտության մասին հոդվածը հրապարակվել է Environmental Science & Technology ամսագրում։
Հետազոտողների մշակած մոդելի համաձայն՝ 2015 թվականին, որը հաշվարկների համար օգտագործվել է որպես բազային տարի, Եվրոպայի շրջակա միջավայրում է հայտնվել մոտ 3,55 մլն տոննա պլաստիկ։ Գետաբերաններ է հասել մոտ 20 հազար տոննա։ Ստացված արդյունքները ցույց են տալիս, որ գետերը դեպի ծով են տեղափոխում պլաստիկով աղտոտման զգալիորեն ավելի փոքր մասը, քան ենթադրում էին նախորդ մոդելները։
Պլաստիկը կարող է մնալ ցամաքում, պահվել մերձափնյա բուսականության մեջ, գետափերին, ամբարտակների հետևում կամ կուտակվել հատակի նստվածքներում։ Աղտոտման ծավալներն ավելի ճշգրիտ գնահատելու համար գիտնականները մշակել են մոդել, որը հաշվի է առնում ոչ միայն գետերով ծով տեղափոխվող պլաստիկի քանակը, այլև ցամաքում և գետային համակարգերում մնացող թափոնների ծավալները։ Հետազոտողներն առանձին դիտարկել են 5 մմ-ից փոքր չափերի միկրոպլաստիկը և պլաստիկի ավելի խոշոր բեկորները։
Ըստ գետային համակարգերում պահվող պլաստիկի ընդհանուր ծավալի նոր վարկանիշի՝ Եվրոպայում երրորդ տեղը զբաղեցնում է Հռենոսը։ Նախորդում են Թուրքիայի Քուրբաղալը Դերե գետը և Լեհաստանի Վիսլան։ Ընդ որում, Հռենոսն ուսումնասիրված գետերի շարքում առաջին տեղն է զբաղեցնում մնացող միկրոպլաստիկի քանակով։
Աղտոտման զգալի բաժինը միայն խոշոր ջրային զարկերակներին չէ, որ բաժին է ընկնում։ Ուսումնասիրված 8 671 գետային համակարգերից ընդամենը 141-ին բաժին էր ընկնում միկրոպլաստիկի ընդհանուր ծավալի 80 տոկոսը, իսկ 239 համակարգի՝ ավելի խոշոր պլաստիկե թափոնների նույն բաժինը։
Հետազոտողները նաև պարզել են, որ ծովափին մոտ գտնվող փոքր գետավազանները կարող են համեմատաբար շատ պլաստիկ պարունակել, մանավանդ եթե աղտոտման աղբյուրները գտնվում են գետաբերանների մոտ։
«Գետերը պարզապես ուղիներ չեն, որոնցով պլաստիկը տեղափոխվում է ծով։ Ժամանակն է ուշադրությունը կենտրոնացնել գետային համակարգերում մնացող պլաստիկի վրա», — հայտարարել է հետազոտության գլխավոր հեղինակ Միրանդա Ստիբորան։
Գիտնականների կարծիքով՝ նոր մոդելը կօգնի ավելի ճշգրիտ որոշել այն տարածքները, որտեղ աղտոտումը կանխելու և պլաստիկե թափոնները հեռացնելու միջոցառումները կարող են առավել մեծ արդյունք տալ։
Միաժամանակ, հետազոտողները նշում են հաշվարկների սահմանափակումները. մոդելը հիմնված է 2015 թվականի տվյալների վրա և առայժմ հաշվի չի առնում մի քանի տարվա ընթացքում պլաստիկի կուտակումը, ինչպես նաև ջրհեղեղների և մակընթացային շարժումների ազդեցությունը։


















































Ամենադիտված
Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո