Հրավառ նյութերով կրակահերթեր և «Մոլոտովի կոկտեյլներ». ինչպես է Թբիլիսիում անցել բողոքի ցույցերի երրորդ գիշերը (տեսանյութեր)
ԱշխարհԹբիլիսիում շարունակվող հանրահավաքի մասնակիցները Ռուսթավելի պողոտայում ոստիկանական ուժերի հետ բախումներից հետո նահանջել են և շարժվել դեպի Թբիլիսիի պետական համալսարան՝ զբաղեցնելով դրա դիմացի ճանապարհը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Շաբաթ օրն ընդդիմության կողմնակիցները հավաքվել էին Վրաստանի խորհրդարանի մոտ, որտեղից հետ են շպրտվել անվտանգության ուժերի կողմից։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել հավաքվածներին ցրելու համար և ձերբակալություններ է իրականացրել։
Ցուցարարները կիրակի գիշերն անցկացրել են Ռուսթավելի պողոտայում, որտեղից առավոտյան հատուկ ջոկատայինները նրանց դուրս են հանել։ Դրանից հետո ամբոխը շարժվել է դեպի պետական համալսարան։
Ընդդիմության բողոքի հերթական ակցիաները Վրաստանում սկսվել են հինգշաբթի օրն այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման մասին։