Թրամփը կոչ է արել ազատ արձակել Գազայում պահվող պատանդներին
ԱշխարհԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Գազայի հատվածում պատանդներին պահելու համար պատասխանատուներին դաժան հաշվեհարդարով, եթե չհաջողվի մինչև իր երդմնակալությունը հրադադարի մասին համաձայնագիր կնքել և նրանց վերադարձնել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Թող այս հաղորդագրությունը ծառայի որպես հաստատում, որ եթե պատանդները չազատվեն մինչև 2025 թվականի հունվարի 20-ը, երբ ես հպարտությամբ կստանձնեմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը, ապա բոլոր նրանց, ովքեր կատարել են այս վայրագությունները մարդկության դեմ Մերձավոր Արևելքում, դաժան հաշվեհարդար է սպասում»,- գրել է նա Truth Social-ում:
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ պատանդներին պահելու համար պատասխանատուները «կտուժեն ավելի, քան որևէ մեկը» ամերիկյան պատմության մեջ։
Թրամփը նաև ափսոսանք է հայտնել, որ Գազայի հատվածում պատանդների մասին խոսակցությունները որևէ գործողության չեն հանգեցրել։