ՀՀ ԱԳ փոխնախարարը և Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են համագործակցության սերտացման քայլերը
ՀասարակությունՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Մանամայի երկխոսություն» ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և բանակցային հարցերով տեղակալ Աբդուլազիզ Ալ-Ուվայշեկի հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԾՀԽ համագործակցության սերտացմանն ուղղված համատեղ քայլերը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցեր։
Երկուստեք ընդգծվել է կողմերի հետաքրքրությունը՝ խորացնել կազմակերպության և Հայաստանի միջև հարաբերությունները: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակել ջանքերը խթանելու համար ներդրումային հետաքրքրությունները ԾՀԽ անդամ երկրների և ՀՀ գործարարների շրջանում, այդ թվում՝ դրա համար անհրաժեշտ հարթակների և իրավապայմանագրային հենքի ձևավորման միջոցով։
Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կոստանյանը զրուցակցին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգը, մասնավորապես, Ծոցի և Սևծովյան տարածաշրջանների միջև փոխկապակցվածության համար ընձեռնվող հնարավորությունների տեսանկյունից։ Մտքեր են փոխանակվել ԾՀԽ և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության միջև հնարավոր փոխգործակցության հարցերի շուրջ։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին։ Զրուցակցի խնդրանքով Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի և հարևան երկրների միջև հարաբերությունների կարգավորման ու զարգացման ուղղությամբ աշխատանքները։