Երևանում երիտասարդը փորձել է լինգով հարվածել մաքրման աշխատանք կատարող քաղաքացուն․ հնչել են կրակոցներ
ՀասարակությունԴեկտեմբերի 8-ի ժամը 12.50-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել 61-ամյա մի կին և հայտնել, որ Երևանի Արմենակյան փողոցի հասցեներից մեկի մոտակայքում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ մի երիտասարդ բղավել է իր վրա, ապա փորձել է լինգով հարվածել մաքրման աշխատանքներ կատարող մեկ այլ քաղաքացու, ինչից հետո ատրճանակից կրակել է օդ:
Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Արմենակյան փողոցի բնակիչ 24-ամյա երիտասարդը:
Նա խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:
Հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը ներկայացրել է ատրճանակը: