Հովիկ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն
ՔաղաքականԱԺ ՔՊ խմբակցությունից հեռացած Հովիկ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն: Հովիկ Աղազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ իր փաստաբանն իր խնդրանքով դիմել է դատախազություն, որպեսզի իրավական գործընթաց սկսեն՝ հասկանալու, թե ինչպես են Հակակոռուպցիոն կոմիտեից իր անձնական տվյալները հայտնվել այլ անձանց մոտ։ Այլ մանրամասներ հայտնելուց Աղազարյանն առ այժմ զերծ մնաց։
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին հայտարարել է, թե մերժում է Նիկոլ Փաշինյանի խնդրանքը և վայր չի դնի պատգամավորական մանդատը, ինչից հետո՝ դեկտեմբերի 3-ին, ՔՊ վարչության որոշմամբ՝ Հովիկ Աղազարյանին հեռացրել են կուսակցությունից։ Որպես Աղազարյանի հեռացման պատճառ նշվում է պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումները։ Ընդ որում, այդ «արտահոսքերի» մասին իշխանություններն իմացել են այն բանից հետո, երբ ՀԿԿ-ում քննվող՝ ԱԺ-ում Արգիշտի Քյարամյանի և Աղազարյանի միջադեպի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում առգրավվել է Հովիկ Աղազարյանի հեռախոսը։
Դատախազությունից հայտնել էին, թե Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու։