Մերցը շարունակում է սպառնալ արգելափակել ԵՄ բյուջեն Ուկրաինայի պատճառով
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շարունակում է պնդել, որ Եվրամիության բոլոր 27 անդամները պետք է մասնակցեն Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելուն։ Հակառակ դեպքում Բեռլինը պատրաստ չէ հավանություն տալու ԵՄ 2028-2034 թվականների երկարաժամկետ բյուջեին։ Այս դիրքորոշումը Մերցը ներկայացրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային ուղղված նամակում՝ պայմանավորելով բյուջետային բանակցությունների առաջընթացը Կիևի ֆինանսավորման հարցում միասնական որոշմամբ։
Գերմանիայի կանցլերի պահանջը կապված է Ուկրաինայի 2027 թվականի ֆինանսական կարիքների հետ։ Կիևին հաջորդ տարի անհրաժեշտ է շուրջ 70 միլիարդ եվրո լրացուցիչ ֆինանսավորում, որից մոտ 45 միլիարդը, Եվրահանձնաժողովի առաջարկով, պետք է տրամադրի Եվրամիությունը։ Մերցի համոզմամբ՝ այդ բեռը չպետք է ընկնի միայն մի քանի անդամ պետությունների վրա։
Նոյեմբերի 23-ին Գերմանիայի կառավարության հրապարակած հայտարարության մեջ Մերցը կրկին ընդգծել է, որ Ուկրաինային երկարաժամկետ և կայուն աջակցությունը պետք է ապահովվի բոլոր 27 երկրների մասնակցությամբ։ Միաժամանակ նա ԵՄ ներկայացրած բյուջետային առաջարկը համարել է չափազանց մեծ՝ նշելով, որ դրա ծավալը շարունակում է աճել ավելի քան 40 տոկոսով։
Մերցի դիրքորոշմանը դեմ են արտահայտվել մի շարք կենտրոնաեվրոպական երկրներ։ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Գերմանիայի կանցլերի պահանջը որակել է որպես շանտաժ՝ հայտարարելով, որ Բրատիսլավան նույնպես ունի վետոյի իրավունք։ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը ևս կասկածի տակ է դրել Ուկրաինայի ֆինանսավորման և ԵՄ ընդհանուր բյուջեի միջև կապ ստեղծելու անհրաժեշտությունը։ Հունգարիան և Բուլղարիան նույնպես դեմ են, որ Ուկրաինային նոր ֆինանսական աջակցությունը պարտադիր կերպով ներառվի ընդհանուր բյուջետային մեխանիզմում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը