Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր անձնական օրագրերում նկարագրել է սատանայի հետ հանդիպումները
Աշխարհ
Հռոմի հանգուցյալ Ֆրանցիսկոս պապի անձնական օրագրերի հրապարակված հատվածներում բացահայտվել են նրա հոգևոր կյանքի մինչ այժմ անհայտ դրվագները։ Կաթոլիկ եկեղեցու նախկին առաջնորդը գրառումներում պատմել է, որ կյանքի ընթացքում երեք անգամ հանդիպել է սատանային՝ նկարագրելով նրա սպառնալից հայացքը, կրակոտ աչքերն ու խռպոտ ձայնը։
«Հռոմի Ֆրանցիսկոս պապի անձնական օրագիրը» վերնագրով գիրքը լույս է տեսել 2026 թվականի նոյեմբերի 24-ին։ Այն կազմել և մեկնաբանել է կարդինալ Վիկտոր Մանուել Ֆերնանդեսը՝ Ֆրանցիսկոս պապի մերձավոր գործակիցը։ Օրագիրը ներառում է 1992 թվականից մինչև 2024 թվականի օգոստոսը կատարված գրառումներ՝ ընդգրկելով նրա հոգևոր ուղին, եպիսկոպոսական ծառայությունն ու պապական տարիները։
Ֆրանցիսկոսը նկարագրել է երեք դրվագ։ Առաջին անգամ, ըստ նրա գրառման, սատանային տեսել է մեքենայի պատուհանից, երկրորդ անգամ՝ Կարմելյան մատուռում պատարագի ժամանակ։ Երրորդ դեպքը տեղի է ունեցել Հռոմում՝ Չիլի կատարած այցից վերադառնալուց հետո, երբ Վատիկանում հանդիպման ընթացքում նա, իր խոսքով, տեսել և լսել է սատանային։ Պապը հիշատակել է նաև, որ այդ փորձառություններից մեկի ժամանակ կառչել է տերողորմյայից և աղոթքով փորձել ազատվել վախից։
Առանձնապես ուշագրավ է 2018 թվականի հունիսի 7-ի գրառումը։ Պապը պատմել է, որ Չիլիում հոգևորականների կողմից անչափահասների նկատմամբ սեռական բռնությունների սկանդալից հետո հասկացել է խնդրի իրական ծանրությունը և իր նախկին դիրքորոշման սխալ լինելը։ Նա այդ ապրումները նկարագրել է որպես «դժոխքի դարպասները» տեսնելու փորձառություն։ Այդ շրջանում Ֆրանցիսկոսը խոստովանել է, որ իրեն սարսափեցրել է տեսածը, և հանգստություն գտնելու համար դիմել է աղոթքին ու տերողորմյային։
Օրագրերում բացահայտվել է նաև, որ 2021–2022 թվականներին Ֆրանցիսկոսն անցել է ծանր հոգևոր ճգնաժամի միջով։ Այն համընկել է առողջական խնդիրների, Վատիկանի կառավարման դժվարությունների և կարևոր որոշումների շուրջ ճնշումների հետ։ Կարդինալ Ֆերնանդեսի մեկնաբանությամբ՝ պապը պայքարել է նաև իշխանությունը չափազանց կենտրոնացնելու գայթակղության դեմ և հաղթահարել ճգնաժամը՝ ամբողջովին ապավինելով Աստծո ողորմությանը։
Գիրքը հրատարակվել է Վատիկանի հրատարակչության կողմից և տարածվում է 94 երկրում՝ հինգ լեզվով։ Կարդինալ Ֆերնանդեսի խոսքով՝ օրագրի ամենագաղտնի հատվածների մի մասը գրված է գաղտնագրված նշաններով և չի հրապարակվել։ Հրատարակությունից բաց են թողնվել նաև երրորդ անձանց վերաբերող որոշ գրառումներ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը