Չինաստանն առաջին անգամ տիեզերք կուղարկի օտարերկրյա տիեզերագնացի․ պատմական առաքելությանը կմասնակցի Պակիստանի ներկայացուցիչը
Աշխարհ
Չինաստանը պատրաստվում է իրականացնել իր պատմության մեջ առաջին օդաչուավոր տիեզերական առաքելությունը՝ օտարերկրյա տիեզերագնացի մասնակցությամբ։ Պեկինը հայտարարել է «Շենչժոու-24» տիեզերանավի անձնակազմի կազմը, որի կազմում ընդգրկվել է Պակիստանի ռազմաօդային ուժերի օդաչու, 40-ամյա Մուհամմադ Զեյշան Ալին։ Նա կդառնա առաջին օտարերկրացին, որը կմեկնի Չինաստանի «Տյանգուն» ուղեծրային կայան։
Չինաստանի օդաչուավոր տիեզերական ծրագրի գործակալության հայտարարության համաձայն՝ առաքելության հրամանատարը լինելու է Տան Հոնգբոն, իսկ անձնակազմի երրորդ անդամը՝ Ու Յին։ Զեյշան Ալին առաքելությանը կմասնակցի որպես գիտական բեռի մասնագետ՝ պատասխանատու լինելով համատեղ գիտափորձերի իրականացման համար։
Տիեզերանավի արձակումը նախատեսված է նոյեմբերի 25-ին՝ Պեկինի ժամանակով ժամը 08։18-ին, երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցզյուցյուանի տիեզերակայանից։ Պակիստանցի մասնագետը կայանում կանցկացնի կարճաժամկետ առաքելություն, որից հետո Երկիր կվերադառնա «Շենչժոու-23» տիեզերանավով։
Առաքելության ընթացքում նախատեսվում է իրականացնել Չինաստանի և Պակիստանի համատեղ չորս գիտական նախագիծ՝ կենսատեխնոլոգիաների և նյութագիտության ոլորտներում։ Դրանցից մեկը կվերաբերի ֆոտոսինթեզ իրականացնող միկրոօրգանիզմների ուսումնասիրությանը։
Զեյշան Ալին և մեկ այլ պակիստանցի թեկնածու՝ Խուրամ Դաուդը, 2026 թվականի ապրիլից Չինաստանում անցել են տիեզերագնացների մասնագիտական պատրաստություն։ Նրանք սովորել են տիեզերանավի համակարգերի կառավարումը, անկշռության պայմաններում աշխատելու հմտությունները և չինարենը։ Վերջնական ընտրության արդյունքում առաքելության համար ընտրվել է Ալին։
Չինաստանի և Պակիստանի միջև տիեզերական համագործակցության համաձայնագիրը ստորագրվել էր 2025 թվականի փետրվարին։ Այն նախատեսում էր պակիստանցի տիեզերագնացների ընտրություն, ուսուցում և նրանց մասնակցություն Չինաստանի ուղեծրային կայանի աշխատանքներին։
Այս քայլը նոր փուլ է բացում երկու երկրների տիեզերական համագործակցության մեջ։ Չինաստանը, որը մինչև 2030 թվականը նախատեսում է իրականացնել նաև Լուսնի վրա տիեզերագնացների վայրէջք, աստիճանաբար ընդլայնում է իր միջազգային ծրագրերը՝ այլ երկրների մասնագետներին ներգրավելով սեփական տիեզերական ենթակառուցվածքներում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը