Կալլասը Դոնբասի հարցում կոշտ դիրքորոշում է հայտնել․ Եվրոպան չի ճանաչի օկուպացված տարածքների բռնակցումը
Աշխարհ
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ խաղաղության համաձայնագրի շրջանակում Եվրոպան չի ընդունի Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքների իրավական ճանաչումը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն, իսկ երկիրը պետք է պահպանի դաշինքներ ընտրելու իրավունքը։
Նոյեմբերի 16-ին Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո Կալլասը ներկայացրել է Մոսկվային ուղղվելիք եվրոպական պահանջները։ Դրանց թվում են նաև Ռուսաստանի պատասխանատվությունը ռազմական հանցագործությունների համար, Ուկրաինային պատճառված ավերածությունների փոխհատուցումը և արտաքսված ուկրաինացի երեխաների վերադարձը։
Կալլասը շեշտել է, որ բանակցություններից առաջ առաջնահերթ պետք է լինի հրադադարի հաստատումը։ Նրա խոսքով՝ միայն կրակի դադարեցումից հետո կարելի է անցնել խաղաղության համաձայնագրի քննարկմանը։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը չպետք է ստանա եվրոպական անվտանգության համակարգի նկատմամբ վետոյի իրավունք։
Այս դիրքորոշումը վերաբերում է նաև Դոնբասին, որի նկատմամբ Մոսկվան տարածքային պահանջներ է ներկայացնում և պահանջում, որ Ուկրաինան զիջի ամբողջ տարածաշրջանը։ Կիևը մերժում է այդ պահանջը, իսկ Կալլասի հայտարարությամբ՝ ԵՄ-ն չի պատրաստվում իրավականորեն ճանաչել օկուպացված ուկրաինական տարածքների կորուստը։
ԵՄ դիվանագիտության ղեկավարի հայտարարությունները հնչել են ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող ռուս-ուկրաինական բանակցությունների ակտիվացման ֆոնին։ Եվրոպական կողմը պատրաստվում է մասնակցել հետագա բանակցություններին՝ առաջ մղելով Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անվտանգության պահպանման պահանջները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը