ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հարավային Կորեան շփոթել է Հյուսիսայինի հետ
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտենը Բեռլինում կայացած խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ վրիպել է՝ Հարավային Կորեայի փոխարեն հիշատակելով Հյուսիսային Կորեան։ Սխալն անմիջապես նկատելով՝ նա ուղղել է իրեն և ներողություն խնդրել։
Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 72-րդ նստաշրջանի ընթացքում։ Ռյուտենը խոսում էր դաշինքի համագործակցության մասին Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ և թվարկում Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կորեան ու Ճապոնիան։
Կորեայի մասին խոսելիս նա սկզբում արտասանել է Հյուսիսային Կորեայի անվանումը, ապա անմիջապես ընդհատել է իրեն՝ ուղղելով խոսքը դեպի Հարավային Կորեա։ Նրա ինքնաուղղումը դահլիճում ծիծաղ է առաջացրել։
Ռյուտենը նկատի ուներ ՆԱՏՕ-ի այսպես կոչված IP4 գործընկերներին՝ Ավստրալիային, Նոր Զելանդիային, Ճապոնիային և Հարավային Կորեային։ Այս չորս երկրները ՆԱՏՕ-ի անդամ չեն, սակայն համագործակցում են դաշինքի հետ անվտանգության, պաշտպանական տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության և ռազմական արդյունաբերության ոլորտներում։
Հյուսիսային Կորեան, հակառակը, ՆԱՏՕ-ի կողմից դիտարկվում է որպես Ռուսաստանի ռազմական գործընկեր։ Դաշինքը բազմիցս քննադատել է Մոսկվայի և Փհենյանի ռազմական համագործակցությունը, այդ թվում՝ Ուկրաինայի դեմ պատերազմին հյուսիսկորեական զինծառայողների մասնակցության վերաբերյալ հաղորդումները։
Ռյուտեի վրիպման տեսագրությունը տարածվել է համացանցում և ուշադրություն գրավել՝ հատկապես երկու Կորեաների միջև առկա քաղաքական ու ռազմական հակադրության պատճառով։
Միջադեպի վերաբերյալ ՆԱՏՕ-ի լրացուցիչ պաշտոնական մեկնաբանություն չի հրապարակվել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը