Գիտնականները պարզել են, որ հատուկ ռիթմով երաժշտությունը կարող է նվազեցնել սթրեսն ու անհանգստությունը
Գիտություն և Մշակույթ
Լսողական ռիթմիկ խթանմամբ (ABS) երաժշտությունը կարող է նվազեցնել սթրեսի հորմոնի մակարդակը և օգնել հաղթահարել անհանգստությունը։ Այս եզրակացությանն են հանգել Կանադայի Տորոնտոյի մետրոպոլիտեն համալսարանի (TMU) հետազոտողները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Psychophysiology գիտական ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է 83 ուսանող, որոնք հայտնել են ընդհանրացված անհանգստության առնվազն մեկ դրվագի մասին։ Մասնակիցները պատահականության սկզբունքով բաժանվել են երկու խմբի։ Առաջին խումբը 24 րոպե լսել է անհատականացված երաժշտություն՝ լսողական ռիթմիկ խթանմամբ։ Ձայնային ռիթմերն ընտրվել են՝ հաշվի առնելով մասնակիցների սկզբնական վիճակը, և աստիճանաբար փոփոխվել՝ նպաստելով թուլացմանը։ Երկրորդ խումբը լսել է վարդագույն աղմուկ՝ ցածր հաճախականությունների գերակշռությամբ հավասարաչափ ձայն, որը հիշեցնում է անձրևի կամ հոսող ջրի ձայնը։
Երաժշտություն լսելուց առաջ և հետո հետազոտողները գնահատել են մասնակիցների կորտիզոլի մակարդակը, սրտի ռիթմի փոփոխականությունը, անհանգստության աստիճանը և տրամադրությունը։
«Կորտիզոլի մակարդակը նվազել է երկու խմբերում էլ, սակայն լսողական ռիթմիկ խթանմամբ երաժշտություն լսած մասնակիցների շրջանում դրա նվազումն ավելի քան երկու անգամ մեծ է եղել, քան վարդագույն աղմուկ լսածների շրջանում։ Միևնույն ժամանակ, երկու խմբերում էլ անհանգստության սուբյեկտիվ զգացողությունը նվազել է, իսկ տրամադրությունը բարելավվել է մոտավորապես նույն չափով։ Սրտի ռիթմի փոփոխականության ցուցանիշները ևս համադրելի փոփոխություններ են արձանագրել»,- հայտնել են գիտնականները։
Լսողական ռիթմիկ խթանումը ենթադրում է համաժամեցված ձայնային ազդակների օգտագործում, որոնք կարող են ազդել թուլացման հետ կապված ուղեղի ակտիվության վրա։ Այս տեխնոլոգիայի տարբերակներից մեկը երկականջային ռիթմերն են, որոնց դեպքում ձախ և աջ ականջներին փոխանցվում են փոքր-ինչ տարբեր հաճախականությամբ ձայներ։
Հեղինակները նշում են, որ ստացված արդյունքները դեռևս չեն կարող համարվել երկարաժամկետ ազդեցության ապացույց։ Հետազոտությունը փոքրածավալ է եղել, դրան մասնակցել են միայն ուսանողներ, իսկ նրանց վիճակը գնահատվել է ընդամենը մեկ սեանսից հետո։ Անհրաժեշտ է պարզել, թե արդյոք նման երաժշտության ազդեցությունը պահպանվում է կանոնավոր ունկնդրման դեպքում։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար