Գիտնականները բացահայտել են Հին Եգիպտոսում կատուների նկատմամբ վերաբերմունքի մութ կողմը
Գիտություն և Մշակույթ
Չնայած Հին Եգիպտոսում կատուների պաշտամունքին՝ նրանցից շատերը, հավանաբար, ապրել են նեղ պայմաններում, տառապել վարակներից, թերսնուցումից և վնասվածքներից։ Այս եզրակացությանն են հանգել հետազոտողները՝ ուսումնասիրելով Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի Բնական պատմության թանգարանի հավաքածուում պահվող հին եգիպտական կատուների 131 գանգ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Archaeological Science գիտական ամսագրում։
Ուսումնասիրված մնացորդների տարիքը գերազանցել է երկու հազար տարին։ Գիտնականներն ուսումնասիրել են վնասվածքների, հիվանդությունների և այլ նշանների առկայությունը, որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել կենդանիների կենսապայմանների մասին։
Կատուների 62 տոկոսի մոտ հայտնաբերվել են ախտաբանական փոփոխություններ։ Առավել հաճախ հանդիպել են ատամների զարգացման խանգարումներ և լնդերի հիվանդություններ։ Հետազոտողները հայտնաբերել են նաև ապաքինված կոտրվածքներ, կծած վերքերի հետքեր և ոսկրային ձևախախտումներ։ Որոշ կենդանիների ատամները բացակայել են, իսկ առանձին գանգերի վրա պահպանվել են լուրջ վնասվածքների հետքեր։
«Վնասվածքների մի մասը, հավանաբար, հասցվել է մարդկանց կողմից։ Ոսկորների վրա հայտնաբերվել են վնասվածքներ, որոնք նման են սուր մետաղական առարկաներով հարվածների հետքերի։ Մյուս վնասվածքները կարող էին առաջանալ կենդանիների միջև տեղի ունեցած կռիվների հետևանքով»,- հայտնել են գիտնականները։
Հեղինակների կարծիքով՝ հիվանդությունների և վնասվածքների լայն տարածվածությունը վկայում է, որ բազմաթիվ կատուներ պահվել են նեղ պայմաններում, հավանաբար՝ մեծ թվով կենդանիների հետ նույն տարածքում։ Դա կարող էր նպաստել վարակների տարածմանը, սննդանյութերի պակասին և մշտական սթրեսին։
Հետազոտողները ենթադրում են, որ կատուների մի մասին հատուկ աճեցրել են կրոնական ծեսերի և հետագա մումիֆիկացման նպատակով։ Հին Եգիպտոսում կատուները համարվել են սրբազան կենդանիներ և կապվել Բաստետ աստվածուհու հետ։ Նրանց մումիաները տաճարներ են տարվել որպես ընծաներ։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար