ԼՈՒՐԵՐ․com-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակության օրվան ընդառաջ զրուցել է Լոնդոնի Հայ դատի հանձնախմբի նախագահ Անէթ Մոսկոֆեանի հետ՝ պարզելու, թե ինչպիսի տրամադրություններ են Սփյուռքում Հայաստանում տիրող իրավիճակի, հայ-ադրբեջանական հարաբերությունների, ՀՀ-ում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։
Տիկին Մոսկոֆեան, ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը։ Անգլիայի հայ համայնքն ի՞նչ միջոցառումներ է նախատեսում անել այդ օրը։
- Մի շարք միջոցառումներ են տեղի ունենալու, որոնք իրականացնելու են Բրիտանահայ համայնքային խորհրդի միջոցով, որին օժանդակելու են համայնքի բոլոր միություններն ու կազմակերպությունները՝ ներառյալ Հայ դատի հանձնախումբը։
Թուրքիայի դեսպանատան առաջ տեղի կունենա ցույց, որը կազմակերպել է ՀՅԴ Լոնդոնի Խանասոր երիտասարդական միությունը։ Ապրիլին 23-ին ծաղկեպսակ կդրվի Անհետ կորած զինվորի հուշարձանի վրա։ Ապրիլ 24-ին ցեղասպանությանը նվիրված Ծիրանի ծառի մոտ տեղի կունենա հուշահանդես:
Ինչպիսի՞ դիրքորոշում ունեք ՀՀ ներկա իշխանությունների կողմից հնչեցված խաղաղասիրական հայտարարությունների մասին:
- Նոյեմբերի 9-ին ստորագրված աղետալի կապիտուլյացիոն համաձայնագիրը զինադադարի համաձայնություն էր, ոչ թե խաղաղության։ Մեզ համար իսկական խաղաղությունը կլինի այն ժամանակ, երբ կլուծվեն Արցախի ինքնորոշման իրավունքները և կարգավիճակը։ Միայն այդ հստակեցումից հետո կարելի է ունենալ կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Խաղաղության կոչեր հնչեցնողները չեն տեսնում, որ մեր թշնամի Ադրբեջանը որևէ նպատակ չունի խաղաղ ապրելու իր հարևանի հետ։ Ալիևը հայտարարել է, որ ուզում է գրավել Հայաստանի տարածքների մի մասը։ Նրանց կատարած պատերազմական հանցագործությունները, խաղաղ բնակիչներին և ռազմագերիներին խեղելն ու խոշտանգելը, ռազմագերիներին ազատ չթողնելը, Բաքվում Պատերազմի պուրակի բացումը, սահմանազատումը վկայում են մեր հանդեպ ունեցած ատելության և ագրեսիվ վերաբերմունքի մասին: Չմոռանանք մեր կրոնական և մշակութային վայրերի ոչնչացման մասին, որոնք սկսել են իրականացնել գրավյալ տարածքներում։ Նման երկրից ինչպե՞ս կարելի է խաղաղություն սպասել։
Մեր կառավարությունը միամիտ կամ հիմար է, եթե հավատում է, որ Ադրբեջանը խաղաղություն է ուզում: Կառավարությունը պարտվողական է, ծնկի եկած, պատրաստ է ամեն գնով զիջումների, որը կարող է լինի Հայաստանի և Արցախի պետականության անկումը։
Շուշիին, Հադրութին կարգավիճակ տալու վերաբերյալ ինչ-որ գործունեություն ծավալելու ծրագրեր ունե՞ք:
- Շուշին, Հադրութը, Լաչինը, Քարվաճառը, բոլորը պատկանում են Արցախին։ Երբ հստականա Արցախի կարգավիճակը՝ այդ տարածքները հնարավոր է ներառվեն։ Բոլոր Հայ դատի հանձնախմբերը պայքարում են, որպեսզի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքները ճանաչվեն։
Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում այսօրվա քաղաքական իրավիճակը:
- Հայաստանում քաղաքական կյանքը շատ բևեռացված է։ Ազգային անվտանգությունը ցնցումների մեջ է։ Կարծես, թե բոլորը ատում են իրար։ Պետությունը վտանգված է, և բոլոր պետական հաստատությունները փլուզված են։ Ակնհայտ է, որ կռիվը պարտված կառավարությունն անկարող է ղեկավարել երկիրը, ճգնաժամից հանել և հույս ներշնչել ապագայի համար։
Ինչի՞ կարող է հանգեցնել Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի բացումը: Ինչ եք կարծում՝ արդյոք իշխանական թիմի կողմից հատո՞ւկ է բարձրաձայնվում այդ մտքին ժողովրդին քիչ-քիչ ադապտացնելու համար:
- Երկրին դեռ վտանգ է սպառնում, իսկ թշնամին անընդհատ ագրեսիվ է, խաղաղություն չկա: Այս պայմաններում սահմանները բացելը կլինի անվտանգության ինքնասպանություն և տնտեսական անկում։ Թշնամին չի փոխվել: Նրանք չեն ճանաչել Ցեղասպանությունը և դեռ աջակցեցին Ադրբեջանին ռազմական տեխնիկայի, տեխնոլոգիայի և մարտավարական ուսուցման և ահաբեկչական վարձկանների հարցում՝ նպատակ ունենալով բնաջնջել հայ ազգը։ Սփյուռքը չի մոռացել և չի մոռանա հայկական ցեղասպանության մասին։ Այս պայմաններում բնակչությանը խաղաղության պատրաստելն անհիմն և արհեստական օրակարգ է, որը միայն ու միայն ծառայում է թշնամու շահերին։
Իշխանությունները վստահ են, որ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու են, քանի որ կարող են հավաքել բավարար ձայներ։ Ըստ Ձեզ՝ իշխանությունները դեռ վայելո՞ւմ են ժողովրդի վստահությունն ու համակրանքը։
- Պատերազմում պարտություն կրելուց և աղետալի պայմանագրի ստորագրումից հետո այս կառավարությունը պարտավոր էր անհապաղ հրաժարական տալ։ Դա տեղի չունեցավ և Հայաստանում և սփյուռքում շատերի զարմանքի և զզվանքի պատճառ դարձավ։ Չեմ կարծում, որ նրանք դեռ ունեն բնակչության մեծամասնության աջակցությունը։ Եթե նրանք որևէ սկզբունք ունենային կամ մեղքի զգացում 5000 զոհերի, հազարավոր անհայտ կորածների և ռազմագերիների համար, ապա նրանք չպետք է հայտարարեին ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Իմ քայլը» արդեն իսկ օգտագործում է պետական ռեսուրսները՝ շրջելով մարզերում քարոզչություն է իրականացնում վերընտրվելու համար, ինչը դեմ է սահմանադրությանը: Սփյուռքը կարող է միայն ընդգծել այդ խնդիրները, դրան պետք է խիստ հակազդի Հայաստանի ժողովուրդը և մերժի դա։
Մեզ բարեկամ որոշ երկրներ, զարմացած են, որ Հայաստանը մերժեց նրանց օգնությունը պատերազմի ընթացքում և որ Արցախը չճանաչեց։ Այս իրողությունները հարգանքի առիթ չեն տալիս Փաշինյանի նկատմամբ, և հետագայում Հայաստանի համար դժվար կլինի ավելի շատ դաշնակիցներ ձեռք բերել։