Կոռուպցիայի դեմ պայքարող Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ազգականը օրենքից վե՞ր է
ՎերլուծականԱպօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունն ավելի բարձրացնելու նպատակով Լոռու մարզի դատախազության կողմից իր լիազորությունների շրջանակում 2021թ. դեկտեմբերին ուսումնասիրվել էին «Հայանտառ» ՊՈԱԿ Լոռու մարզի համապատասխան ստորաբաժանումների աշխատողների տվյալները: Պարզվել էր, որ զանազան անտառխախտումների և իրենց ծառայողական պարտականություններն անբարեխիղճ կատարելու, դրանով պետությանը վնասներ պատճառելու համար նախկինում դատապարտված կամ նույնպիսի արարքների համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց կողմից պաշտոնավարման պրակտիկան «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում շարունակվում է: Ընդ որում, այդպիսի անձինք զբաղեցնում են նաև անտառտնտեսության բարձր պաշտոններ:
Ուշագրավն այն է, որ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը Պավել Ցուգունյանն է՝ ըստ մամուլի տեղեկությունների ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի ազգականը, ավելի հստակ՝ նրա կնոջ քեռորդին: Հենց Պետրոսյանի քավորությամբ էր ՔՊ-ն ցանկանում Ցուգունյանին դարձնել Աբովյանի քաղաքապետ, սակայն չստացվեց, արդյունքում` նրան նշանակեցին Հայանտառ ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ: Եվ եթե այն ժամանակ մամուլը գրում էր, որ Ռոմանոս Պետրոսյանը հերթական ազգականին է աշխատանքի դասավորել, այսօր ստացվում է, որ Պետրոսյանը, լինելով ՊՎԾ պետ, աչք է փակում իր ազգականի հիմնարկում տեղի ունեցող ապօրինությունների վրա:
Դատախազության հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ՊՈԱԿ-ում բավական արատավոր գործընթացներ են տեղի ունենում և մի շարք բարձրաստիճան աշխատակիցներ այդ ամենում ներգրավված են: Հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ հաղորդագրության մեջ չի նշվում հենց Ցուգունյանի անունը, ի վերջո նա է պատասխանատու իր կառույցում նման երևույթները բացառելու համար: Ստացվում է՝ կամ նա հանցավոր անգործություն է դրսևորել, ինչի հետևանքով ՊՈԱԿ-ը վեր է ածվել պետությանը վնասող կառույցի, կամ այդ ամենը տեղի է ունեցել Ցուգունյանի գիտությամբ և թողտվությամբ, այս դեպքում էլ ավելի տարակուսելի է, թե ինչու նրա անունը դատախազության հաղորդագրության մեջ չի նշվում և ինչու են սահմանափակվում կադրային քաղաքականությունը վերանայելու կոչով, եթե այդ քաղաքականությունը որոշելու է կրկին նույն Ցուգունյանը:
Ինչպես տեսնում ենք՝ Ռոմանոս Պետրոսյանի ազգականը ջրից չոր է դուրս գալիս, չնայած իր ղեկավարած կառույցում տիրող ապօրինությունների: Ահա այսպես է Պետրոսյանը պայքարում պետական կառույցներում կոռուպցիոն երևույթները բացառելու դեմ՝ աչք փակելով ազգականների կատարած պոտենցիալ զանցանքների վրա...