Բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց. պահանջում են հրաժարական
ՀասարակությունԱյս պահին քաղաքապետարանի շենքի առջև բողոքի ակցիա է իրականացնում մոտ 100 քաղաքացի:
Նշենք, որ երեկ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ «Երևան քաղաքի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին» որոշում է ընդունվել, և վարձավճարի բարձրացումը իր կողմից կկասեցվի:
Նրանք պահանջում են քաղաքապետից ոչ թե կասեցնել իր որոշումը, այլ՝ անվավեր ճանաչել:
Քաղաքացիները նշում են, որ մի քանի օր շարունակ վնաս է պատճառվել հանրային տրանսպորտից օգտվող բազմաթիվ քաղաքացիների, ուստի պահանջում են հատուցել այս վնասը՝ հինգ օրվա ընթացքում հանրային տրանսպորտից օգտվող բոլոր քաղաքացիների համար ուղեվարձը սահմանելով 50 դրամ՝ որպես ավելորդ վճարված 50 դրամի փոխհատուցում:
Քաղաքացիները պահանջում են քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը, քանի որ վերջիններս խաղաղ ակցիաների ժամանակ բախումներ են հրահրել, իրենց լիազորությունները չարաշահել և քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ պետական պաշտոնյային ոչ հարիր և հանցավոր վարքագիծ են դրսևորել:
Նշենք նաև, որ չնայած այն հանգամանքին, որ ոստիկանությունը 8 շարքով պատնեշ էր կազմել քաղաքապետարանի շենքի առջև, ակտիվիստները կարողացել են ճեղքել ոստիկանական պատնեշը և մոտենալ շենքին: