Չեմ թերագնահատում Շտիգլիցին, բայց ես եմ հաղթելու. Արթուր Աբրահամ (լուսանկարներ)
ՍպորտՉեմ թերագնահատում Շտիգլիցին, բայց ես եմ հաղթելու: Ռոբերտ Շտիգլիցի հետ կայանալիք մենամարտից առաջ այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը:
- Արթուր ինչպե՞ս են ընթանում նախախաղյա մարզումները:
- Շատ լավ: Այնքան լավ, որ մարզիչս արդեն գոհ է իմ մարզավիճակից: Սովորաբար, այսպես չի լինում, նա միշտ պահանջում է առավելագույն արդյունք:
- Ինչպիսի՞ տրամադրվածություն ունեք:
- Ինչպես միշտ՝ հաղթական: Իմ բոլոր մենամարտերին ես գնում եմ հաղթելու:
- Ինչպե՞ս կգնահատեք Շտիգլիցի հնարավորությունները:
- Ես երբեք չեմ թերագնահատել Շտիգլիցին: Նա եղել է աշխարհի չեմպիոն, հիմա էլ աշխարհի չեմպիոնի հավակնորդ է, ուրեմն թույլ մարզիկ չէ: Բայց, իհարկե, ես եմ հաղթելու:
- Արթուր, օրերս հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էիք, որ սա վերջին մենամարտն է լինելու Շտիգլիցի հետ, ինչո՞վ է պայմանավորված նման որոշումը, և արդյոք այն չի՞ փոխվի՝ կախված արդյունքից:
- Ես արդեն հիանալի գիտեմ Շտիգլիցին, արդեն երկու անգամ հաղթել եմ նրան, երկրորդ մենամարտում, եթե հիշում եք, անհաջողության մատնվեցի աչքիս վնասվածքի պատճառով, բժիշկը դադարեցրեց մենամարտը և արձանագրվեց տեխնիկական նոկաուտ։ Կարող եմ ձեզ երաշխավորել, որ չորրորդ մենամարտը կլինի մեր միջև վերջինը։ Շտիգլիցը հարվածներ է կատարում, բայց նա չունի, այսպես ասած, հուժկու, մահացու հարված։ Այնպես, որ հուլիսի 18-ին մարզասերների մոտ չեմ թողնի կասկած, թե ով է մեզանից ամենաուժեղը:
- Արդեն երեք մենամարտ անցկացրել եք Շտիգլիցի հետ, և նա Ձեր մարտավարությանը ծանոթ է: Այս անգամ նոր մոտեցում մարտին լինելո՞ւ է: Շտիգլիցը նշել էր, որ մանրամասն ուսումնասիրել է նախորդ երեք մենամարտերը և չի կասկածում՝ այս անգամ ինքն է հաղթելու, ի՞նչ կասեք ի պատասխան:
- Դա նրա կարծիքն է: Ես և մարզիչս ուսումնասիրել ենք նախորդ մենամարտերը և մշակել համապատասխան մարտավարություն: Այնպես որ՝ ես եմ հաղթելու:
Նշենք, որ Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի միջև թվով արդեն 4-րդ հանդիպումը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում: Մենամարտը նախանշված է հուլիսի 18-ին: Բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին: